Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է Բեռլինի հանրահայտ «Կոմիշե օպեր» թատրոնի նվագախումբը

Հուլիս 10,2017 17:39

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հուլիսի 9-ին ղեկավարել է Բեռլինի «Կոմիշե օպեր» թատրոնի (The Komische Oper Berlin) նվագախումբը։ Համերգը կայացել է «Կորինյան երաժշտական ամառ» (Choriner Opernsommer) փառատոնի շրջանակներում։ Այն Գերմանիայում անցկացվող հեղինակավոր փառատոն է, որն ավելի քան 50 տարվա պատմություն ունի։ Փառատոնը տեղի է ունենում 1258 թվականին հիմնադրված Chorin վանական համալիրում։ Ճարտարապետական այս հուշարձանն այսօր համարվում է բազմաթիվ մշակութային միջոցառումների անցկացման վայր։ «Կորինյան երաժշտական ամառ» փառատոնը հյուրընկալում է մեծահամբավ երաժիշտների և կոլեկտիվների։

Հուլիսի 9-ի համերգային ծրագրում Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հնչել են Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի Դաշնամուրի 9-րդ կոնցերտը, Լյուդվիգ վան Բեթհովենի 3-րդ սիմֆոնիան ՙՀերոսական՚։ Որպես մենակատար հանդես է եկել գերմանացի դաշնակահար Մարտին Շթադֆելդը, ով բազմաթիվ միջազգային մրցույթների, այդ թվում Echo Klassik մրցանակի քառակի դափնեկիր է։

Սա Սերգեյ Սմբատյանի և նվագախմբի հետ առաջին համագործակցությունն է:

Նշենք, որ «Կոմիշե Օպերը» Գերմանիայի երաժշտական առաջատար թատրոններից է։ Այն հիմնադրվել է 1947 թվականին։ Տարբեր ժամանակներում թատրոնի նվագախումբը ղեկավարել են այնպիսի նշանավոր դիրիժորներ, ինչպիսիք են Օտտո Կլեմպերերը, Վացլավ Նոյմանը, Կուրտ Մազուրը, Կիրիլ Պետրենկոն, Ֆաբիո Լուիսին և այլք։ Բեռլինի «Կոմիշե օպեր» թատրոնի նվագախմբի երկացանկն ընդգրկուն է, նվագախմբին են վստահվել բազմաթիվ համաշխարհային պրեմիերաներ։

 

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31