ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության տարեկան գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն անդրադարձավ կալանքի միջնորդություններին:
Նա ասաց, որ համամիտ է Արման Թաթոյանի հետ, կալանքի միջնորդությունների բավարարման պրակտիկան պետք է փոխել. «Համարում եմ, որ ՄԻՊ-ը իրավացի է, կալանքը պետք է համարվի եւ դիտվի, որպես վերջին միջոց, ոչ թե դիտվի՝ որպես համատարած բավարարման ենթակա միջնորդություն: Թե գլխավոր դատախազը, թե՛ մարդու իրավունքների պաշտպանը Քրեական դատավարության օրենսգիրքը շեշտեցին, մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ օրենսգիրքը հնարավորինս շուտ այստեղ քննարկվի եւ փոփոխվի»:
Ըստ Արփինե Հովհաննիսյանի, դատավորները ռեգուլյար կալանքն են ընդունում՝ որպես խափանման միջոց՝ խնդիրներից խուսափելու համար. «Նույնիսկ այն դեպքերում, երբ մտածում էին, որ կարող են չկիրառել, նախընտրում են կիրառել: Եթե մենք Քրեական դատավարության օրենսգրքում ստեղծենք այլընտրանք՝ տնային կալանք եւ այլն, կունենանք պրակտիկան փոխելու հնարավորության գործուն գործիքակազմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ