Aravot.am-ի հետ զրույցում «Օֆշորի» հայտնի գործով տուժած, ունեզուրկ գործարար Փայլակ Հայրապետյանն անդրադարձավ գործով ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի՝ «Առաջին լրատվական»-ին տրամադրած բաց նամակին, որում վերջինս Հայրապետյանին մեղադրում է պետական գույքի մասնավորեցման ժամանակ բազմամիլիոնանոց գույքերի սեփականաշնորհման եւ դրանք իր հարազատների և բարեկամների անունով գրանցելու մեջ: «Նրա ասածները օրենքի ոչ մի տառին չեն համապատասխանում: Ես գնել եմ, կառուցել եմ 14 ձեռնարկություն եւ տեսեք՝ ինչեր եմ արել ՀՀ-ի համար…հարազատներիս անունով գրանցված ունեցվածք չունեմ»,-ասաց Փայլակ Հայրապետյանը (տվյալները կից՝ փաստաթղթերի լուսանկարներում):
Փայլակ Հայրապետյանն այնուհետեւ անդրադարձավ Աշոտ Սուքիասյանի մեղադրանքին առ այն, որ ապօրինի մեթոդներով ուրիշների, այդ թվում՝ իր բիզնեսների տիրանալու ակտիվ փորձերի համար աֆրիկյան Սիերա-Լեոնե Հանրապետության դատարանի կողմից Հայրապետյանը դատապարտվել է և փախուստի դիմել այնտեղից:
Գործարարն ասաց, որ երբ Աֆրիկա է մեկնել, ՀՀ քննչական կոմիտեին հաղորդում է տվել առ այն, որ, ինչպես ինքն է ասում, Աֆրիկայում ադամանդի հանքեր իրականում չունեցող Աշոտ Սուքիասյանն այդ երկրում է. «Սուքիասյանը խուսափեց ինձ հետ հանդիպումից: Հետո տեսա իրեն, ասաց, որ ինձ ոչինչ չունի տալու: Դիմեցի ոստիկանություն, որ այդ հանցագործն ինձ խաբել է: Ոստիկանները նրան բերման ենթարկեցին, դատ սկսվեց: Սուքիասյանն իր խնամիների հետ 100 հազար դոլարով կաշառեցին իրավապահներին եւ ինձ կալանավորել տվեցին, իրավաբանս ասեց, որ դա կազմակերպված գործ է: Դատարանից միանգամից գնացել եմ օդանավակայան…»,-պատմեց Հայրապետյանը:
Նա նաեւ հերքեց Սուքիասյանի մեղադրանքը, թե իր գործունեության պատճառով մահվան դեպքեր են եղել:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ