Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի ՀՀ դատական օրենսգրքի փորձագիտական խմբի ներկայացուցիչների հետ

Հուլիս 10,2017 17:08

ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հուլիսի 10-ին հանդիպել են «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) ՀՀ դատական օրենսգրքի փորձագիտական խմբի ներկայացուցիչների հետ:

ՀՀ ԱԺ ՀՀԿ եւ ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցություններից հանդիպմանը ներկա են եղել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, խմբակցության անդամներ Արմեն Աշոտյանը, Հրայր Թովմասյանը, Ռուստամ Մախմուդյանը եւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Ողջունելով հյուրերին՝ Վահրամ Բաղդասարյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանն արդյունավետորեն համագործակցել է Վենետիկի հանձնաժողովի հետ եւ համոզմունք է հայտնել, որ այն կշարունակվի նաեւ ՀՀ դատական նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ քննարկումների ընթացքում:

Հրայր Թովմասյանը, ով եղել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, տեղեկացրել է, որ օրենսգրքի բարեփոխումներն ուղղված են դատական իշխանության անկախության երաշխավորմանն ու արդյունավետության ապահովմանը: Նա կարեւորել է բարձրագույն դատական խորհրդի ստեղծումն ու դատարանների նախագահների որոշակի ժամկետով նշանակումը, ինչը նոր ինստիտուտ է:

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքով՝ դատական նոր օրենսգրքի մշակումը ՀՀԿ եւ ՀՅԴ կոալիցիոն համագործակցության առանցքային հարցերից մեկն է, եւ իրենք պատրաստակամ են անելու հնարավորը՝ միջազգային չափորոշիչներին համապատասխանող օրենսգիրք ունենալու համար:

Հյուրերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել են, որ Վենետիկի հանձնաժողովն ընդհանուր առմամբ դրական է գնահատել ՀՀ-ում անցկացված սահմանադրական բարեփոխումները: Եվրոպացի փորձագետները կարեւորել են ՀՀ դատական նոր օրենսգրքի նախագիծը մշակելու հարցում խորհրդարանական մեծամասնության եւ փոքրամասնության փոխհամաձայնեցված աշխատանքը:

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ նույն օրը հանդիպել են նաեւ ՀՀ ԱԺ «Ծառուկյան»խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն ու խմբակցության անդամ Գեւորգ Պետրոսյանը:

Քննարկվել են ՀՀ դատական նոր օրենսգրքին վերաբերող հարցեր: Հյուրերը հետաքրքրվել են, թե արդյոք իշխանությունը ՀՀ դատական նոր օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները համաձայնեցրել է ընդդիմության հետ:

Ըստ Վահե Էնֆիաջյանի՝ ՀՀ դատական օրենսգիրքն արմատապես կատարելագործելու կարիք կա, արդեն իսկ կատարվել են որոշ դրական փոփոխություններ: ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղարն իր մտահոգություններն է հայտնել Ընտրական օրենսգրքի վերաբերյալ, որը, նրա գնահատմամբ, չի ընկալվել հասարակության կողմից:

Գեւորգ Պետրոսյանը նշել է, որ «Ծառուկյան» դաշինքն իր նախընտրական ծրագրում կարեւորել է անկախ դատական համակարգ ունենալու անհրաժեշտությունը: Ըստ բանախոսի՝ վերջին տարիներին, այնուամենայնիվ, դրական փոփոխություններ դատական համակարգում եղել են, ինչը, սակայն, բավարար չէ համակարգն ամբողջովին անկախ համարելու համար: Գեւորգ Պետրոսյանը նշել է նաեւ, որ Հայաստանում դեռեւս չկան մասնագիտացված դատարաններ, ինչպիսիք կան եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում նաեւ՝ Իտալիայում: Գեւորգ Պետրոսյանի գնահատմամբ՝ Հայաստանում դատարանների անկախության խնդիր կա:

Այնուհետեւ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին ընդունել են ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը եւ խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը: Հյուրերը հետաքրքրվել են ՀՀ դատական օրենսգրքի նոր նախագծի մշակման եւ ՀՀ նոր Սահմանադրության իրագործման, ինչպես նաեւ ՀՀ դատական համակարգում առկա խնդիրներից:

Էդմոն Մարուքյանը ներկայացրել է ՀՀ դատական համակարգում առկա հիմնական խնդիրները, մտահոգություն հայտնել քաղաքական ուժերի կողմից դատաիրավական համակարգում միջամտությունների վերաբերյալ: Նա ներկայացրել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության տեսակետը Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալու վերաբերյալ:

 

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31