ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հուլիսի 10-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նոյեմբերին Բրյուսելում ՀՀ-ԵՄ համընդհանուր եւ ընդլայնված համագործակցության հուշագրի ստորագրումից հետո խորհրդարանի, մասնավորապես ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքային ճանապարհային քարտեզին վերաբերող հարցեր: Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ հանձնաժողովն աշխատանքային հանդիպումներ է նախատեսում եվրոպական ինտեգրմամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ՝ միասին քննարկելու առաջիկա անելիքները, որոնց նպատակն է բազմաթիվ օրենքներում մշակել ՀՀ-ԵՄ օրակարգի սպասարկմանը միտված փոփոխություններ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ առաջիկայում ստեղծվելիք հակակոռուպցիոն մարմնի գործունեությանը, քննարկել այդ կառույցի նկատմամբ խորհրդարանական ընդդիմության վերահսկողության հարցերը: Անդրադարձ է կատարվել նաեւ Եվրոպական միության կողմից պատրաստված Գործընկերության առաջնահերթությունների փաստաթղթին, որը նախանշում է Հայաստանի համար առաջիկա տարիների առաջնահերթությունները:
Դեսպանը ՀՀ-ԵՄ կապերի խորացման հարցում ընդգծել է Նաիրա Զոհրաբյանի անձնական ներգրավվածությունը եւ ՀՀ-ԵՄ օրակարգը շարունակելու համատեքստում կարեւորել տիկին Զոհրաբյանի վերընտրվելը հանձնաժողովի նախագահի պաշտոնում:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի, քրեակատարողական համակարգի, արդարադատության, կրթության ոլորտներում ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հետ եվրոպական չափորոշիչների համապատասխանությանն ուղղված միասնական ծրագրեր իրականացնելու հարցը:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն