Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփ-Պուտին հանդիպման արդյունքները կարող են դրական ազդեցություն ունենալ (Տեսանյութ). «Մեդիա Կենտրոն»

Հուլիս 10,2017 16:54

Համբուրգում G20 գագաթնաժողովին ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի բանակցությունները կարող են դրական ազդեցություն ունենալ Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ընթացող գործընթացների վրա:

Թեպետ փորձագետները հանդիպման վերաբերյալ Պուտինի ու Թրամփի դրական արձագանքներից չեն շտապում միանշանակ եզրակացություններ անել, որ երկու գերտերությունների հարաբերությունները դուրս են գալու ճգնաժամային միջակայքից:

«Եթե այդ հանդիպման արդյունքում Ռուսաստանի դեմ կիրառած ԱՄՆ պատժամիջոցները չեն թուլացվելու կամ չեղարկվելու, ապա հարաբերությունների ի՞նչ բարելավման մասին կարող է լինել խոսքը», – հարցադրում հնչեցրեց Ph.D., Forbes, The National Interest և The American Thinker պարբերականների փորձագետ Արեգ Գալստյանը՝ հավելելով, որ թեպետ ԱՄՆ նախագահական պետություն է, սակայն Դոնալդ Թրամփի ձեռքերը կապված են, և նա առանց Կոնգրեսի հավանության չի կարող չեղարկել ՌԴ-ի դեմ կիրառած պատժամիջոցները:

Հուլիսի 10-ին «Մեդիա կենտրոնում» Արեգ Գալստանի և ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում «Պուտին-Թրամփ հանդիպումը G20 գագաթաժողովին. տարածաշրջանային ակնկալիքներ և հնարավոր զարգացումներ» թեմայով:

Համբուրգում ՌԴ նախագահի հետ 2 ժամ 15 րոպե տևած հանդիպումը Դոնալդ Թրամփը որակել էր «ցնցող» և հայտարարել, որ Պուտмնի հետ պայմանավորվել են Սիրայում հրադադարի հաստատման վերաբերյալ, որը բազմաթիվ կյանքեր կփրկի: «Այժմ ժամանակն է առաջ շարժվել Ռուսաստանի հետ կոնստրուկտիվ աշխատանքի հարցում», – գրել էր ԱՄՆ նախագահը: Իր հերթին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ԱՄՆ ընտրություններին միջամտելու վերաբերյալ Թրամփի հարցերին իր պատասխաններն ընդունվել են ամերիկյան կողմում: Նա հույս է հայտնել, որ այժմ երկու պետությունների հարաբերությունների կարգավորման շանս է առաջացել:

Գալստյանի խոսքով Ռուսաստանն ու ԱՄՆ-ն տարբեր քաղաքական համակարգեր ու որոշումների կայացման մեխանիզմներ ունեցող պետություններ են: “Ռուսաստանում, եթե նախագահի դրական վերաբերմունքը այս կամ այն պետության նկատմամբ նշանակում է ՌԴ-ի դրական վերաբերմունքը, ապա ԱՄՆ-ում այդպես չէ: Այնտեղ որոշումների կայացման ավելի դժվար մեխանիզմ է գործում, և նախագահի դրական վերաբերմունքը դեռևս կարող է չարտահայտել պետության վերաբերմունքը”, – ասաց նա՝ հավելելով, որ Պուտին-Թրամփ հանդիպման արդյունքներից դեռևս մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ, քանի որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու համար Թրամփը պետք է դեմ գնա Կոնգրեսում ոչ միայն դեմոկրատներին, այլև հանրապետականներին:

«Ուստի ԱՄՆ ներքին քաղաքականության մեջ պետք է մեծ փոփոխություններ տեղի ունենա, որպեսզի դա հանգեցնի Ռուսաստանի նկատմամբ պետության վերաբերմունքի փոփոխության, այն է՝ երկու պետությունների հարաբերութուններում դրական զարգացումների», – ասաց Գալստյանը:

Նրա խոսքով, տարածաշրջանային համատեքստում Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններում որոշակի դրական փոփոխությունները պոզիտիվ ֆոն են ստեղծում ԼՂ հակամարտության կարգավորման համար: «Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հանդիսանում են ԵԱՀԿ Մինսխի խմբի համանախագահներ, ուստի այս պետությունների հարաբերությունների նորմալացումը կարևոր է ԼՂ հակամարտության համար: Սակայն պետք է նշել, որ այժմ Հայաստանը, օգտագործելով պետական խողովակներն ու հայկական լոբիստական կառույցները, պետք է փորձի ԱՄՆ արտաքին քաղաքական օրակարգ մտցնել իր շահերը և ակտիվացնել համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ», – ասաց Գալստյանը:

Փորձագետին անհասկանալի է, թե ինչու անցած 10 տարիների ընթացքում Երևանն անտեսում է ԱՄՆ-ից եկող ազդանշանները: «Դրանք են «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի ու Լինսի հիմնադրամի միջոցով տրամադրվող ֆինանսավորման դադարեցումը և այլն: Պետք է այս ուղղությամբ աշխատանք տանել, քանի որ պայմանավորված էներգառեսուրսներով ԱՄՆ-ն ավելի մեծ խաղադրույք է կատարում Ադրբեջանի վրա», – ասաց նա՝ հավելելով, որ Վաշինգտոնը տարածաշրջանում ավելի անկախ խաղացող է դիտարկում հենց Բաքվի, քանի որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության մաս է և ընկալվում է հենց եվրասիական ինտեգրացիայի ու քաղաքականության համատեքստում:

 

Համաձայնելով բանախոսի կարծիքի հետ՝ Սուրեն Սարգսյանը շեշտադրեց, որ այժմ չի տեսնում ՀՀ-ի ու հայկական լոբիստական կառույցների կողմից գործադրվող հստակ լուրջ ջանքեր Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների ակտիվացման համար:

 

Մյուս կողմից, նշում է փորձագետը, ԱՄՆ-ն թեպետ կարևոր դերակատարություն ունի ԼՂ հակամարտության գոտում ու կոնֆլիկտի կողմերից պաշտոնապես զենք չի վաճառում, սակայն դա իրականացվում է Իսրայելի միջոցով: «ԱՄՆ-ն անմիջականորեն չի կարող զենք տրամադրել Ադրբեջանին, քանի որ գոյություն ունի Ազատության աջակցության ակտի 907 բանաձևը, որով արգելվում է հակամարտության կողմերին ռազմական աջակցություն ցուցաբերել: Սակայն ամերիկյան տեխնոլոգիաներով արտադրված զենքերը հայտնվում են Ադրբեջանում Իսրայելի միջոցով: ԱՄՆ-ն այդ տեխնոլոգիաները փախանցում է Իսրայելին, իսկ նրանք Ադրբեջանի հետ մեծ զենքի գործարքներ են իրականացնում»,- ասաց Սարգսյանը:

«Բացի այդ ԱՄՆ-ն ամեն տարի Ադրբեջանին ևս ռազմական աջակցություն է ցուցաբերում՝ Կոնգրեսին հղած նախագահի նամակով շրջանցելով 907 բանաձևը: Այդ աջակցությունը զենքի տեսքով չէ, այլ ադրբեջանական սպաները ռազմական կրթություն են ստանում ԱՄՆ ուսումնական հաստատություններում: Սա իրականացվում է մի պայմանով, որ նրանք այդ հմտությունները չեն կիրառելու հակամարտության գոտում: Սակայն պետք է այստեղ հիշեցնեմ, որ անցյալ տարի ապրիլյան ռազմական բախումների ժամանակ Թալիշի ուղղության վրա հայկական ուժերը ոչնչացրել էին երկու ադրբեջանցի հատուկ ջոկատայինների, որոնք հետո պարզվեց , որ ռազմական կրթություն էին ստացել հենց ԱՄՆ-ում», – հիշեցրեց Սարգսյանը:

Նրա խոսքով, վերոնշյալը բավական է, որ ԱՄՆ-ում գործող հայկական լոբիստական կառույցները մեծ ջանքեր գործադրեն, որպեսզի 907 բանաձևի նախկին դերն ու նշանակությունը վերականգնվի: «Այս, ինչպես նաև հայ-ամերիկյան հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ պետք է մեծ ջանքեր գործադրել», – եզրափակեց նա:

 «Մեդիա Կենտրոն» 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31