Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ից ուղարկված գումարային աջակցությունը բաժանվեց հայրենյաց պաշտպաններին

Հուլիս 10,2017 16:34

Մարդու համար ամենաթանկը իր կյանքն ու առողջությունն է, բայց մեր հերոսական պատմության ընթացքում ունենք անթիվ ու անհամար օրինակներ, երբ Հայրենիքի համար ճակատագրական պահերին ազգի նվիրյալները մոռանալով թե առողջություն և թե կյանք, անվարան նետվեցին պաշտպանելու սրբության սրբոց Հայրենիքն ու հող հայրենին: Այդպես եղավ նաև քառորդ դար առաջ` Արցախյան ազատամարտի տարիներին, այդպես եղավ նաև անցյալ տարի` ապրիլյան քառօրյայի ընթացքում, այդպես կլինի միշտ` քանի կա, ապրում է հայ ազգը:

Քանի հերոս հայորդիներ զոհվեցին և հաշմանդամ դարձան հանուն հայրենիքի ու հանուն այսօրվա: Ապրողներիս նվիրական պարտականությունն է հիշել մեր հերոսներին, հիշել հայրենիքի ազատության համար պայքար մղած զինվորներին: Եվ ահա երախտիքի դրսևորման հերթական օրինակը: ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում հեռարձակվող AABC հեռուստաընկերության «Բարև» հեռուստածրագրի ստեղծագործական խումբը` Սողոմոն և Նունե Ավետիսյանները և Ամերիկայում բնակվող ազատամարտիկ Հրանտ Թումասյանն օրերս հանդես եկան հայրենանվեր մի ձեռնարկումով` յուրաքանչյուրին 300-ական դոլար օգնություն ցուցաբերելով Հայրենիքում բնակվող 30 ազատամարտիկների:

Օգնության գումարները գոյացել էին հայ պոեզիայի և գրականության մեծ սիրահար, սիրված ասմունքող, «Բարև» հեռուստածրագրի հեղինակ և վարող Նունե Ավետիսյանի հերթական հաղորդումներից մեկի ընթացքում կազմակերպված հանգանակությունից:

Նախաձեռնության հեղինակների ուղարկած գումարները Հայրենիքում բաժանվեցին հուլիսի 9-ին, Արցախյան ազատամարտի վետերաններին: Հանգանակությունից անմասն չմնացին նաև Արցախի Հանրապետությունում բնակվող ազատամարտիկները, որոնց հասանելիք գումարները Սերգեյ Սարգսյանի հետ ուղարկվել էր դեռևս նախորդ օրը:

Գումարները ազատամարտիկներին անձամբ հանձնեց ՀՀ ԱԺ պատգամավոր, ազատամարտիկ Արտակ Զեյնալյանը:

Շնորհակալություն հայտնելով ազատամարտիկներին` Ա. Զեյնալյանը նշեց, որ հայրենյաց պաշտպաններին գումարները նվիրվում է սրտանց, և թող նրանք այս աջակցությունն ընդունեն որպես երախտիքի տուրք, իսկ իրենք էլ համագործակցելով ԱՄՆ-ում գտնվող հայրենասեր մարդկանց հետ, ամեն բան կանեն, որ նման նախաձեռնությունները շարունակական բնույթ կրեն:

Թվով 30 ազատամարտիկները, որոնցից հինգը` Արցախի Հանրապետությունից, ցուցաբերված աջակցության համար իրենց երախտիքի խոսքերն ուղղեցին նախաձեռնության հեղինակներին` «Բարև» հեռուստածրագրի հեղինակներին և իրենց մարտական ընկերոջը՝ Հրանտ Թումասյանին: Ազատամարտիկները իրենց խոսքերում նշեցին նաև, որ գումարի չափն այնքան էլ կարևոր չէ, այլ կարևորն իրենց` հայրենիքի սահմանների պաշտպանների հանդեպ ցուցաբերած ուշադրությունն է և մարդկային վերաբերմունքը:

Վերջում հավելենք, որ 2000 դոլար հանգանակությունից տրվել է նաև ապրիլյան պատերազմի մասնակից, վիրավոր Արման Ավետիսյանին, որը բուժում էր ստանում Լոս-Անջելոսում, 1000 դոլար հատկացվել է վիրավոր Դանիել Դավթյանին` վիրահատության նպատակով, իսկ 500 դոլար տրվել է ծանր վիրավոր Մայիս Գեղամյանին, որը, ցավոք սրտի վախճանվեց այդ օրերին…

Մարդասիրությունը տարածություն և սահմաններ չի ճանաչում, մանավանդ, որ այն բխում է ի խորոց սրտի, իսկ հիմքում և ակունքներում առ նվիրական Հայրենիքն ու նրա քաջարի պաշտպանները տածած երախտագիտությունն է ու անկեղծ սերը…

 

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31