Հուլիսի 10-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության գրասենյակում կայացավ հանդիպում կինոռեժիսոր, հեղինակային կինոյի վառ ներկայացուցիչ Բորիս Խլեբնիկովի հետ, որի «Առիթմիա» ֆիլմը «Ոսկե ծիրանի» շրջանակում Հայաստանում է: Ֆիլմն արդեն եղել է Կառլովի Վարիի փառատոնում ու «Կինոտավրում», մրցանակի արժանացել:
Նա աշխատել է հեռուստատեսությունում, նաեւ սերիալներ նկարել:
«Մեր երկրում բազմաթիվ հիմար օրենքներ կան, հատուկ հանձնաժողով` մշակույթի նախարարությունում, բոլորն ուզում են ինչ-որ պաթետիկ հայրենասիրական թեմայով ֆիլմեր նկարվեն, մեզ փրկում է այն, որ անգամ չինովնիկները չգիտեն օրենքները, լինում է, որ հաճախ կոռուպցիոն դրսեւորումներն աշխատում են հեղինակային կինոյի օգտին»,- ժպտալով ասում է ռեժիսորը:
Նա նաեւ շեշտում է. «Կինոն դադարել է լինել քարոզչության ուղիղ միջոց, դա մի կողմից ծիծաղելի է, մյուս կողմից էլ զիլ է»:
Խլեբնիկովը հավելում է, որ կինոպրոցեսը այսօր էժանացել է: Նրա ձեւակերպմամբ, նախկինում 15 րոպեանոց ֆիլմի վրա ինքը երկու տարի հավաքած $20000 է ծախսել, մինչդեռ հիմա կոպեկներով կարելի է ֆիլմ նկարել, անգամ սովորական լուսանկարչական ապարատով: Ավելին, ռեժիսորն ուրախությամբ փաստում է, որ ցանկացած կոկիկ պատմություն կարելի է նկարել` առանց պետության հետ շփվելու:
Նա անդրադարձավ տեխնիկական պրոցեսների ներխուժելուն կինո. «Այսօր, օրինակ, շատ հետաքրքիր է տեսնել, թե ոնց է թռչում դինոզավրը, դա հետաքրքիր է դիտել մեծ էկրանի վրա, երբ դահլիճում բոլորը ծամում եւ ճչում են: Սրա կողքին` հանգիստ կամերային ֆիլմերը մեծ էկրանին դիտելը այլեւս հետաքրքիր չէ, որովհետեւ տեխնիկական պրոցեսները, ատրակցիոնը մտցրել են կինո»:
Նա նաեւ տարակուսած է, որ այսօր փոփոխություններ են եղել, ու սերիալի աստղերը կարող են դառնալ կինոյի աստղեր:
Դերասանների ընտրության մեթոդներին էլ անդրադարձ եղավ:
«Դերասանների ընտրության հարցը տարբեր ռեժիսորների մոտ տարբեր է: Եղավ պահ, որ հասկացա` ինձ հետաքրքիր չէ դերասանների վերափոխվելը Համլետի կամ ասենք՝ Հազարան բլբուլի: 90%-ով դերասանների ընտրությունը կատարվում է քաստինգի միջոցով…»,-ասաց ռեժիսորը:
«Ռուսաստանում կինեմատոգրաֆն այլեւս չունի մեծ լսարան, ինչպես նախկինում էր, բոլորը գնացել են դեպի հեռուստատեսություն»,- ափսոսում է նա:
Իսկ ինչո՞ւ մասնագիտությամբ կենսաբանը դարձավ ռեժիսոր:
«Ես մի պահի զգացի, որ կինոմոլ եմ, մեծ սխալ եմ գործել` ընդունվելով կենսաբանության ֆակուլտետ, ուստի ընդունվեցի ՎԳԻԿ-ի այն ֆակուլտետ, որտեղ ամենափոքր մրցույթն էր»,-ասաց ռեժիսորը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ