Տեղեկացրել ենք, որ երեկ երեկոյան Գյումրու կենտրոնական հատվածներից մեկում՝ Ռեպինի փողոցի վրա գտնվող «Ամեն ինչ տան համար» շինանյութի խանութի մոտ դանակահարել էին 1982 թվականին ծնված Սամվել Հովհաննիսյանին՝ վնասելով նրա թոքը։ Ինչպես Aravot.am-ին փոխանցել էր Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանշներով՝ ծանր մարմնական վնասվածք պատճառելը, կատարվում է նախաքննություն։
Այսօր ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի «Ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Գյումրի քաղաքի բնակիչ՝ ծնված 1996թ.: Վերջինս հուլիսի 10-ին ձերբակալվել է»:
Aravot.am-ը ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրներից պարզեց, որ Սամվել Հովհաննիսյանի դանակահարության մեջ կասկածվողը նրա քրոջ հարևանն է։ Վերջինս շրջապատում հայհոյանքներ է հնչեցրել, Սամվել Հովհաննիսյանի քույրն էլ խնդրել է եղբորը՝ կարգի հրավիրել նրան։ Ի դեպ, նրանք բնակվում են հենց Ռեպինի փողոցում, որտեղ դեպքն է տեղի ունեցել։ Սամվել Հովհաննիսյանն էլ, իր հետ վերցնելով քրոջ 10 տարեկան տղային՝ գնացել է շինանյութի խանութի մոտ՝ վերջինիս զգաստացնելու, հասկացնելու, որ կանանց ներկայությամբ չեն հայհոյում, վիճաբանություն է սկսվել նրանց միջև, որն ավարտվել է դանակահարությամբ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ