Վաշինգտոն – Անցյալ շաբաթ Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) Սուրբ Աստվածածին հայ առաքելական եկեղեցում հյուրընկալեց կոնգրեսական Ջիմ Կոստային (դեմոկրատ, Կալիֆոնիա), ով պատմեց 2016 թվականին իր առաջին հայաստանյան այցելության մասին: Իր ճանապարհորդությունների ընթացքում նա հանդիպել է հայ պաշտոնյաների հետ, այցելել պատմական վայրեր և ելույթ ունեցել Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ): Կոնգրեսական Կոստան Հայկական հարցերով հանձնախմբի անդամ է և երկար տարիներ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների հպարտ աջակից:
«Ամերիկայի հայկական համագումարը շարունակում է խրախուսել կոնգրեսականներին այցելել Հայաստան և Արցախ, տեղում անձամբ ծանոթանալ իրողություններին և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին», – նշել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Երախտապարտ ենք կոնգրեսական Կոստային՝ և՛ Կալիֆորնիայի օրենսդիր մարմնում, և Ներկայացուցիչների պալատում նրա տարիների պետական ծառայության համար: Բարձր ենք գնահատում նրա անսասան նվիրվածությունը Հայաստանին և մեր համայնքում ապագա առաջնորդներ պատրաստելու գործում նրա ներդրման համար», – ավելացրել է Արդունին:
Կոնգրեսական Կոստան պարզաբանել է, որ մեծացել է Ֆրեզնոյում` Սարոյանի հողում, և գիտեր, որ այնտեղ մեծացող բազմաթիվ ընկերներ և հարևաններ հայ էին: Նա բարձր է գնահատել հայ ժողովրդի աշխատասիրությունը, հաստատակամությունը և հյուրընկալությունը: Այնուհետև կոնգրեսականը մեջբերել է ամերիկահայ գրող Ուիլյամ Սարոյանի հայտնի խոսքերը. §Կուզանայի տեսնել այս աշխարհի վրա որևէ ուժ, որ կբնաջնջեր այս ժողովրդին, այս անկարևոր մարդկանց փոքր ցեղը, որի բոլոր պատերազմները մղված ու տանուլ են տրված, շինությունները՝ կործանված, գրքերը՝ չընթերցված, երգերը՝ չլսված, և աղոթքներն՝ այլևս անպատասխան: Կործանե՛ք Հայաստանը, տեսեք՝ կկարողանա՞ք: Քշե՛ք նրանց անապատ՝ առանց հացի կամ ջրի։ Այրե՛ք նրանց տներն ու եկեղեցիները։ Հետո տեսե՛ք, թե արդյո՞ք նրանք կրկին չեն ծիծաղի, երգի և աղոթքի։ Քանզի երբ նրանցից երկուսն աշխարհում որևէ տեղ հանդիպեն, տեսե՛ք, թե արդյո՞ք նրանք մի Նոր Հայաստան չեն ստեղծի¦:
Կոնգրեսական Կոստան պատմել է իր հանդիպած տարբեր մարդկանց և այցելած վայրերի մասին: 2016թ. հուլիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Սամվել Նիկոյանի հետ Կոստան Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Կոստան ծաղիկներ է դրել հավերժական կրակի մոտ և լռությամբ հարգել զոհերի հիշատակը: Նա շրջել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, դիտել Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի դերակատարմամբ «Հոգիների աճուրդ» համր ֆիլմի պաստառները: Այցի ավարտին Ջիմ Կոստան գրառում է կատարել հյուրերի հուշամատյանում՝ ինչպես Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն արեց մի քանի շաբաթ առաջ:
Կոստան նաև ներկայացրեց Հայաստանի ամերիկյան համալսարանում իր ելույթը, որտեղ նա խոսել էր ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների մասին և այդ հարաբերություններում ՀԱՀ-ի կարևոր դերակատարման մասին: Իր խոսքում Կոստան հպարտությամբ հայտարարել էր Ֆրեզնոյի բնակիչ Էդվարդ Կաշյանի կողմից ՀԱՀ-ում նվիրատվական հիմնադրամի ստեղծման մասին` արտացոլելով Կալիֆորնիայի պետական համալսարանի, Ֆրեզնոյի (Ֆրեզնոյի Կալիֆորնիա պետական համալսարանի) և ՀԱՀ-ի միջև առկա հարաբերությունները:
Ամերիկայի հայկական համագումարի մամլո հաղորդագրություն