Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնում էին հարս ուզելու, առաջինը հարցնում էին` «կաշկա» քաշել գիտի՞»

Հուլիս 10,2017 15:47

Մեկ ամսից ավելի է` Արմավիրի մարզի Այգեկ գյուղը ջուր չունի:

Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում դժգոհեցին այգեկցիները` ասելով, որ խնդիրը գրեթե ամեն օր բարձրացնում են ջրամատակարար` «Վեոլիա Ջուր» ընկերության պատասխանատուների առաջ, սակայն հարցը չի լուծվում: Այգեկ գյուղի բնակիչները վստահ են, որ խնդիրը ոչ թե վթարներն են, այլ` ջրագողությունը, ինչի պատճառով էլ իրենց գյուղ ջուր չի հասնում:

«Ամռան այս տապին օրերով անջուր մնալը ուղղակի սարսափելի է, նման խնդիր արդեն երկրորդ ամառն է առաջանում է: Անցյալ ամռանը քիչ, բայց գոնե ջուր կար, այս ամառ ջուրն ընդհանրապես Այգեկ չի հասնում»,-մեզ հետ զրույցում ասացին գյուղի բնակիչները:
Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանը մեզ հետ զրույցում հաստատեց գյուղացիների բողոքը` նշելով որ հենց այսօր է հանդիպել Ջրային տնտեսության պետական կոմիտեի պատասխանատուների հետ` ջրի խնդրի հետ կապված:

Պարոն Աբրահամյանն ասաց, որ արդեն ուրբաթ օրվանից ջրամատակարարումը սկսել է վերականգնվել, սակայն ջրտնտպետկոմի հետ քննարկել է նոր ջրագիծ անցկացնելու հարցը, որպեսզի նման խնդիրներ այլեւս չառաջանան: Ջուրը մինչ Այգեկ հասնելն անցնում է Նորակերտ, Բաղրամյան գյուղերով, գյուղապետն ասաց, որ եթե Ջրային տնտեսության պետական կոմիտեն թույլատրի, ծրագրում է 3 կիլոմետր իր միջոցներով ջրագիծ անցկացնել, եւ ջուրն ուղիղ իրենց գյուղ բերել. «500-600 մետր վերեւ ենք բարձրանալու եւ 3 կիլոմետր նոր ջրագիծ ենք անցկացնելու»:

Մեր այն հարցին, թե գյուղն ի վիճակի՞ է սեփական միջոցներով ջրագիծն անցկացնել, պարոն Աբրահամյանը պատասխանեց, որ արդեն 30 միլիոն դրամ ներդրել են` խմելու ջրի տնտեսային ցանցի վերականգնման համար եւ ցանցի 90 տոկոսը փոխել են, քանի որ 91 թվականից գյուղը ջրի խնդիր է ունեցել. «Երբ գնում էին գյուղի համար հարս ուզելու, առաջինը հարցնում էին` «կաշկա» քաշել գիտի՞, որ ջուր կրի, ջուրը հեռու տեղերից էին բերում: Մինչեւ 2000 թվականը գյուղը ջուր չուներ»:
Մեր այն հարցին, թե գյուղացիները նշում են, որ ջրագողություններն են պատճառը, որ գյուղը զրկվել է ջրից, գյուղապետն ի պատասխան ասաց, որ այդպես չի կարծում: Վարուժան Աբրահամյանի խոսքով, այնպես չէ, որ իրենց գյուղին միտումնավոր զրկել են ջրից, ուղղակի նոր ջրագիծը կարող է խնդիրները լուծել:

Նշենք, որ այս պահին էլ Էջմիածնի տարածաշրջանի 20-ից ավելի գյուղեր են ջրից զրկված` վթարային ջրագիծը փոխելու հետեւանքով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31