Լրահոս
Օրվա լրահոսը

«Թավշյա հեղափոխությունը Ադրբեջանի ախորժակը ամբողջովին կփակի» (Տեսանյութ)

Հուլիս 10,2017 16:00

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակում բանավիճում են «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Հռիփսիմե Ջեբեջյան– Պարզ է, որ այս օրերին Ադրբեջանն օգտագործում է բոլոր հարթակները հուլիսի 4-ի սրացումների ֆոնին հայերին ներկայացնելու որպես վանդալ, ագրեսոր: Ինչքանո՞վ Ադրբեջանին կհաջողվի միջազգային հանրությանը համոզել եւ ստեղծված իրավիճակից ինչ-որ շահ ստանալ:

Արմեն Մարտիրոսյան– Մեծ հաջողության չեն կարող հասնել, ինչքան որ Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ չկարողացավ հաջողության հասնել: Երկու պետությունն էլ գրեթե նույն սանդղակում են դիտվում միջազգային հանրության կողմից: Այդ հավասարության նշանը, որ դնում են ԵԱՀԿ հայտարարության մեջ, հենց դրա մասին է խոսում: Դրա համար Ադրբեջանը չի կարող առանձնահատուկ իրավիճակի հասնել, բոլորին քաջ հայտնի է, որ իրենք են նախահարձակ լինում, նաեւ Արցախը տեսանյութ տարածեց՝ ինչպես են ադրբեջանցիները հենց բնակավայրերից խփում: Դրա համար չեմ կարծում, որ ինչ-որ հաջողության հասնեն: Կարող է մեկ-երկու պատգամավոր եվրոպական պառլամենտներում ինչ-որ բաներ հայտարարեն, բայց խոշոր հաշվով չեմ կարծում՝ դա առնչություն կունենա, որ Հայաստանի առջեւ ինչ-որ բանաձեւեր դնեն: Բայց դրանից մենք չպետք է ուրախանանք, ինձ համար մտահոգիչ է ապրիլյան սրացումից հետո էսկալացիան: Առաջին անգամ թուրքական արտադրության 107 մմ-անոց արկերն են օգտագործել, սա խոսում է էսկալացիայի հաջորդ փուլի մասին: Ակնհայտորեն Ադրբեջանը Հայաստանի ռեսուրսները սպառելու եւ զինվելու քաղաքականություն է վարում:

Հ. Ջ. – Պարոն Իշխանյան, Ադրբեջանը Ալխանլու գյուղի բնակիչներ Սահիբա Գուլիեւայի եւ 2-ամյա երեխայի մահը դարձրել է մանրադրամ եւ շահարկում է հնարավոր բոլոր հարթակներում, մենք ի՞նչ պետք է անենք այդ շահարկումները չեզոքացնելու համար:
Ավետիք Իշխանյան- Պատերազմ է: Եվ ինչքան էլ ժնեւյան եւ այլ կոնվենցիաներ լինեն, պատերազմի ժամանակ ավելի շատ զոհվում են խաղաղ բնակիչները: Ինչքան էլ փաստաթղթեր ստորագրեն, միեւնույն է՝ չի գործելու: Իհարկե, շատ ցավալի է, որ զոհվում են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ, ամբողջ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ այդ զոհերը եղել են: Որպես պատերազմական քարոզչություն եւ հակահայկական հիստերիա՝ Ադրբեջանը դա օգտագործում է՝ առանց հաշվի առնելու նույնիսկ լրագրողական էթիկան: Այդ ամենն օգտագործվում է ոչ միայն միջազգային հանրության, այլեւ իր ներսում ալիք բարձրացնելու համար, որը շատ վտանգավոր է: Շատ հեշտ է ատելություն մտցնել, հետո կոնֆլիկտի հաղթահարումից հետո դա մեղմելը համարյա անհնար է դառնում կամ շատ երկար տարիների գործ է: Ես միջազգային կազմակերպություններից ծանոթներ ունեմ, որ պատմել են տարիներ առաջ, թե ինչպիսի քարոզչություն է գնում Ադրբեջանում՝ դպրոցական դասագրքերում եւ այլն՝ հայի կերպարի հետ կապված: Այդ ձեւով դաստիարակված սերունդ է, եւ հիմա էլ երեխայի մահն են հերթական անգամ օգտագործում հակահայկական հիստերիա բարձրացնելու համար:

Մենք միշտ հույսներս դնում ենք Մինսկի խմբի, միջազգային կառույցների վրա, որ թույլ չեն տա պատերազմ: Ինձ համար զավեշտալի է: Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի՝ զենքի կուտակումով նաեւ: Հույսը դնել միջազգային հանրության վրա, գիտեք, միջազգային հանրությունում սախարովներ չեն նստած: Միջազգային հանրությունում նստած են բավականին պրագմատիկ, երբեմն ցինիկ պաշտոնյաներ: Նրանք ցանկացած հարց դիտարկում են իրենց շահերից: Իրենց շահերից Հայաստանը կարող է դառնալ ագրեսոր եւ հակառակը: Այսօր այդ շահն ուղղված է ավելի, որ Ադրբեջանը բռնապետական երկիր է: Միջազգային հանրությունը հարգում է ուժեղ պետությանը: Ես չեմ ասում՝ մեզ չսիրեն կամ ատեն, ինձ համար կարեւոր է, որ մեզ հարգեն, ոչ թե խղճան: Պիտի լինես այնպիսի պետություն, որ Ադրբեջանը, իմանալով, որ եթե ռմբակոծեց, պատասխան ես տալու, որեւէ արդյունքի չեն հասնելու, այդպիսի պետություն լինելու դեպքում քեզ ատելով՝ Ադրբեջանն էլ կհարգի եւ կգնա խաղաղ բանակցությունների:

Ա. Մ.- Մեր գլխավոր խնդիրը մեր մեջ պիտի փնտրենք, մեր անվտանգությունը մենք ենք ապահովելու: Որեւէ մեկն այս տարիներին ցույց չտվեց, որ վերապահում ունի այն հանգամանքի հետ, որ հայերը ազատագրել են բավականին մեծ տարածք: Գրեթե 23 տարի է անցել հրադադարից, եւ չկա որեւէ կոնկրետ գործողություն, որ հայերին ստիպեին, ասեին՝ դուրս եկեք այդ տարածքներից: Եթե միջազգային հանրությունը նմանատիպ թեթեւ ցանկություն անգամ ունենար, այնպիսի ճնշում կլիներ Հայաստանի վրա՝ տնտեսականից սկսած, քաղաքականով վերջացրած, որ մեզ քիչ չէր թվա: Նման ցանկություն չկա:

Հ. Ջ.- ԵԱՀԿ Մինսկի խումբը հուլիսի 4-ի միջադեպին աննախադեպ արագ արձագանքեց, ընդ որում՝ որեւէ դիտողություն չկար Ադրբեջանի հասցեին, երբ միջազգային բազմաթիվ նորմեր էին խախտվել, սա չի՞ նշանակում, որ անվտանգության հետ կապված պատասխանատվությունը թողնում են հայկական զինված ուժերի վրա:

Ա. Ի.– Ոչ: Մինսկի խումբը եթե ճշմարտություններ ասի, ապա մի կողմը կարող է ուղղակի հրաժարվել Մինսկի խմբից՝ որպես կողմնակալ, սա կոնսենսուս է: Նրա համար չէ, որ որեւէ մեկին դատապարտի: ՀՀ-ում երբ այդ մեղադրանքները հնչում են, շատերը չեն պատկերացնում՝ ինչ բան է ԵԱՀԿ-ն: Մեր հանրությունը ոնց որ 19-րդ դարում ապրի եւ Սիամանթոյի մտածողությամբ՝ թքել եմ քո վրա, արդարություն: Պետք է հաշվի առնել՝ միջազգային հանրության մեջ արդարություն գոյություն չունի, գոյություն ունեն շահեր:

Հ. Ջ.- Միջադեպից հետո Ադրբեջանը հիստերիայի մեծ ալիք բարձրացրեց, անգամ Ալիեւի դուստրը մասնակցել է քարոզչությանը, ինսթագրամի իր էջում հրապարակել է զոհված երեխայի նկարը եւ ոտանավոր գրել: Իհարկե, մասնագետներն ասում են, որ շատ անհաջող ոտանավոր է, բայց, ամեն դեպքում, եթե հաշվի առնենք, որ Սերժ Սարգսյանն էլ երկու դուստր ունի, 5 թոռ ունի, արդյոք չպե՞տք է այս գործընթացներին մասնակից լինեն, առհասարակ մեր պաշտոնյաների զավակները չպե՞տք է մասնակցեն:

Ա. Ի.– Ինչ վերաբերում է բանաստեղծության անհաջող լինելուն, դուք հարցրեք Ադրբեջանի ժողովրդին, եւ նրանք կասեն՝ պարզապես հանճարեղ բանաստեղծություն է: Ինչ վերաբերում է հարազատների մասնակցելուն, տարբեր մոտեցումներ կլինեն: Ադրբեջանում իշխում է ալիեւյան ընտանիքը, նույնիսկ իր կինը փոխնախագահն է: Ամբողջ ընտանիքին երկրպագում են, թագավորական, սուլթանական ընտանիք է: Այստեղ դեռեւս այդ վիճակը չի, բայց տարբեր հարթություններում մոտավորապես այդ վիճակում ենք: ՀՀ բազմաթիվ պաշտոնյաներ, պարզվում է, շատ տաղանդավոր են, վարչապետի տղան դառնում է քաղաքապետ, մյուս վարչապետի տղան՝ Արտաշատի քաղաքապետ, գեներալի տղան դառնում է քաղաքապետ պատգամավորների տղաները, նախարարներ: Մեզ մոտ էլ է բնորոշ, ինչ բնորոշ է Ադրբեջանին… Մեր պաշտոնյաների կանայք, նրանց երեխաները պետք է լինեին հանրությանը ինչ-որ չափով տեսանելի՝ ինչով են նրանք զբաղվում, ինչով են ապրում, քաղաքակիրթ աշխարհում դա ընդունված կարգ է: Եթե նրանք հիմա մասնակցեն քարոզչությանը, դա արհեստական չէր լինի այն դեպքում, եթե հարգանք լիներ իշխանության նկատմամբ:

Հ. Ջ. – Ի՞նչ կհետեւի հուլիսի 4-ի իրադարձություններին, կարծիքներ կան, որ Ադրբեջանը կփորձի վրեժ լուծել, թեկուզ փոքր սադրանքների միջոցով հարցեր լուծել:

Ա. Մ.- Ադրբեջանը վրեժ լուծելու քաղաքականություն չի իրականացնում, լավ գիտի, որ միշտ ինքն է նախահարձակ լինում՝ Սումգայիթից սկսած: Ինքն իր պլանավորած քաղաքականությունն է իրականացնում: Հայաստանի բնակչությանը վախի, սարսափի մեջ են պահում, որ կռիվ կարող է սկսվել, տղաներին դուրս տանենք եւ այլն: Դա պատերազմական վտանգ բերող քաղաքականություն է: Ես չեմ տեսնում, որ այս տարի լայնածավալ ռազմական գործողություններ լինեն: Կարող է ֆորս-մաժոր լինի, տնտեսական լուրջ ցնցում լինի, եւ պատերազմ լինի, բայց դեռեւս Ադրբեջանի գործողությունները գնում են դեպի 2018: Տնտեսական անկման հետ կապված կարող է սրացումներ անի, բայց լայնամասշտաբի կգնա այն ժամանակ, երբ տնտեսական առումով վատթար վիճակում կլինենք: Ինքը որոշակի դեֆոլտի առջեւ արդեն կանգնել է: Այդքան զենքը, որ կուտակել է, կներդնի պատերազմի մեջ, որ իր ընտանիքի իշխանությունը պահպանի:

Հ. Ջ.– Ասացիք՝ Ադրբեջանը կարող է օգտվել ֆորս-մաժորային իրավիճակից. թավշյա հեղափոխությունը, որն առաջարկում է ընդդիմությունը, չի՞ կարող նպաստել դրան:

Ա. Մ.- Թավշյա հեղափոխությունը, եթե մենք կարողանանք հաջողացնել, ոչ թե կնպաստի դրան, այլ Ադրբեջանի ախորժակը ամբողջովին կփակի, որովհետեւ այնպիսի Հայաստան, որ մենք ցանկանում ենք ունենալ թավշյա հեղափոխության արդյունքում, եթե կարողանանք ստեղծել, դա հզորացնում է Հայաստանը, ոչ թե թուլացնում է: Նկատի ունեմ՝ եթե թավշյա հեղափոխություն իրականացնողները չգան, հետո կդառնան հրեշն իրենք:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

08.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31