ԿԸՀ-ի գործունեության մասին հաղորդումը քննարկվեց ԱԺ-ում: «Ելք» խմբակցության անունից ելույթ ունեցավ Էդմոն Մարուքյանը:
Նա խոսեց ընտրակաշառքի մասին եւ դիմեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին. «Հազար անգամ, որ ասել ենք՝ զանգվածաբար ընտրակաշառք է բաժանվել այս ընտրություններին, բա չե՞ք լսել դրա մասին: Ուղղակի հերթեր էին գոյացել ձեր շտաբների մոտ՝ բա դուք տեղյակ չէի՞ք դրա մասին: Միջազգային դիտորդական առաքելությունները, դեսպանատների հայտարարությունները բոլորը նշել են՝ եղել են ընտրակաշառքի բաժանման հավաստի տեղեկություններ»:
Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ իրենք գլխավոր դատախազություն հաղորդում են ներկայացրել մայիսի 20-ին, այսօր հուլիսի 10-ն է, որեւէ տեղեկություն չկա. «Չի ասվում, որ մենք գնացել ենք ոստիկանության ՊՊԾ գունդ, տեսել ենք, որ այն ֆաքսը,որը ներկայացրել եք, այնտեղից չի ուղարկվել: Կա՞ նման բան»:
Մարուքյանն ասաց, որ իրենց ներկայացրած փաստաթղթերում անգամ նյութեր կան, որ փող բաժանելիս «возврат»-ի ինստիտուտ է գործում. «Փողը տալիս են, բաժանում ես, սահմանված չափով ձեն չեղավ, պետք է փողը տանես հետ տաս»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Նայում եմ այսօրվա «10.000-անոցներին»… Թղթադրամներին չէ: Միշտ այդպես եմ անվանում ընտրակաշառք վերցրածներին: Շատերին դեմքով գիտեմ ու բոլորն էլ ինձ համար կմնան անվանական թղթադրամ, անպետք թուղթ, որը ճմրթում են ու նետում են աղբարկղ, որի վրա խզբզում են, ձեռքերն ու ոտքերը սրբում: Մենք թույլ երկիր ենք, որովհետև երկիրը ուժեղ է իր քաղաքացիներով, ոչ թե այսպիսի «թղթադրամներով»… Ես ապագայի ի՞նչ հույս կապեմ այս հոծ զանգվածի հետ, եթե իրենք երկրի ճակատագիրը կապում են թղթադրամի հետ: Ու ինչպե՞ս կապեմ, եթե իրենց պատկերացումների մեջ իրենք «կորցնելիք» չունեն…
Նայում եմ այսօրվա 10.000 բաժանածներին, հաստափոր, գեր, տռզած… Էությամբ դատարկ, բայց իրենց կարկառուն ու կարևոր դեմք երևակայողներ, որոնցից շատերը հիմա թառել են խորհրդարանում… Սրանց դեմքի վրա, սրանց ասած խոսքի, սրանց շարժուձի, նույնիսկ սրանց ծիծաղի մեջ մի տեսակ վախ եմ տեսնում: Կարծես զգում են, որ իրենց վերջը գալիս է: Սրանց մանկլավիկները, որոնցից շատերին դեմքով գիտեմ, արդեն սսկվել են, պարապ սարապ ֆռֆռում են, իրենց դեսուդեն տալիս, հատուկենտներն էլ մի երկու պաշտոն են ստացել, «քաշվել ղրաղ»: Այսպես ապրում են իրենց փորի, գրպանի ու իրենց կենսաբանական գոյության համար: Ես ապագայի ի՞նչ հույս կապեմ այս չնչինագույն մասսայի հետ: Որկրամոլ եղել են, այդպիսին էլ կգնան…
Մնացինք ՄԵ՛ՆՔ, ովքեր ունեն «կորցնելիք» հանձինս մարդ-քաղաքացու, հանձինս արդարության ու հավասարության, հանձինս երկրի: Ոչինչ որ ՄԵՆՔ-ից շատերս իրար չենք հասկանում, իրար անգամ փնովում ենք ու գոռգոռում իրար վրա, ոչինչ որ հաճախ իրար չենք վստահում, իրարից տարբերվում ենք համարյա ամեն ինչով, տարանջատված ու մասնատված ենք… Բայց մի բանով մենք տառացիորեն նույնն ենք՝ ՄԵՆՔ հասկանում ենք, որ «կորցնելիք» ունենք…