Սահմանային վերջին սրացումներն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անվանում է Ադրբեջանի հնարքներ`«չստացված շոուներ», միջազգային հանրության ուշադրությունը շեղելու համար: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վաղը Վիեննայում կայանալիք ՀՀ եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, Էդուարդ Շարմազանովը համոզմունք հայտնեց, որ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը հավուր պատշաճի կներկայացնի իրավիճակը եւ հայկական կողմերի դիրքորոշումը`ողջ կոշտությամբ:
Անցած օրերի լրահոսում Էդուարդ Շարմազանովը ուշադրություն է հրավիրում ՌԴ ի կողմից տարածված այն հայտարարությանը, որ Ադրբեջանում ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիների նկատմամբ վայրի վերաբերմունք է իրականացվում. «Սա շատ խիստ մեսիջ է եւ խոսում է այն մասին, որ Մոսկվայի եւ Բաքվի քաղաքական հարաբերությունները թեւակոխել են ոչ բարենպաստ փուլ: Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանը դիվերսիոն գործողություններ է իրականացնում եւ ՌԴ ԱԳՆ-ի այս հայտարարությունը խոսում է այն մասին, որ Մոսկվայում Ադրբեջանից դժգոհ են»:
Aravot.am-ի հարցին`ի՞նչ օգուտներ կարող են քաղել հայկական կողմերը դրանից, Էդուարդ Շարմազանովն ասաց`ամեն ինչ չէ, որ պետք է բարձրաձայնել, բայց հայկական դիվանագիտությունն ամեն ինչ պետք է անի`Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար, քանզի, առանց դրանց, առաջընթացի մասին չենք կարող խոսել:
Հետաքրքրվեցինք նաեւ, անցած տարվա ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմը կոշտացնելով իր դիրքորոշումը հայտարարեց Արցախի`բանակցային սեղանի շուրջ լիարժեք վերադառնալու անհրաժեշտության մասին. ի՞նչ գործնական, դիվանագիտական քայլեր են արվել: «Պետք է դուռը շրխկացնեինք`դո՞ւրս գայինք»,- ասաց նա` հավելելով, որ համապատասխան դիվանագիտական քայլեր արվել են եւ դրա արդյունք էր նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունն այն մասին, որ Արցախը պետք է լինի բանակցային լիարժեք կողմ:
Այլ մանրամասները` տեսանյութում
Դիտարկմանը`ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն է կողմերին կոչ արել շուտափույթ վերսկսել բանակցությունները եւ լուծումների հասնել, Էդուարդ Շարմազանովը հավելեց, որ մինչ այդ Եվրոպական խորհրդարանն ավելի կարեւոր հայտարարություն էր արել`շեշտադրելով ինքնորոշման իրավունքը: «Դա հայկական կողմի դիվանագիտական հաջողությունն էր»,- ասաց նա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ