Մեկ տարի առաջ Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ «Վերնիսաժ» տոնավաճառից Հրազդան մարզադաշտի հարակից տարածք տեղափոխված վաճառականներն այսօր Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի շենքում էին՝ հանդիպելու Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների հետ:
20-ից ավելի վաճառականներ դժգոհեցին, որ մարզադաշտի հարակից տարածքում առեւտրի պայմանները հարմար չեն, կորցրել են իրենց մշտական հաճախորդներին: Բացի այդ, ըստ նրանց, «Վերնիսաժում» իբրեւ թե արդիականացում են իրականացնում, սակայն հիմա էլ օգտագործված հագուստ եւ իրեր են վաճառվում՝ այնպիսիք, որոնք ներառված չեն քաղաքապետարանի թույլատրած վերնիսաժային իրերի ցանկում: Նրանք նշեցին, որ չեն ուզում մյուս վաճառողների հացին «վայիս լինել», բայց եթե ոմանք պետք է վաճառեն, ուրեմն՝ իրենք էլ կարող են:
Վաճառականներից Անահիտ Նազարյանը նշեց, որ մեկ տարի է՝ դիմում են քաղաքապետ Տարոն Մարգարյանին, նամակներ ուղարկում, բայց իրենց խնդրին լուծում չեն տալիս. «Մեզ ապօրինաբար դուրս շպրտեցին, հիմա էլ անօրինությունները շարունակվում են: Ինչո՞ւ ոմանց կարելի է հագուստ վաճառել, իսկ 20 տարի այդտեղ վաճառածներին՝ ոչ: Մենք աղբ ու ձյուն ենք մաքրել, օրվա հաց վաստակել, մենք «քրչ» վաճառող չենք»:
Տիկինը պնդեց՝ փաստեր ունեն, որ հիմա էլ «Վերնիսաժում» օգտագործված հագուստ է վաճառվում, այդ թվում՝ «կամբինիզոններ», խորհրդային ժամանակների սրբիչներ, Պուտինի դիմանկարով շապիկներ: «Եթե այդպես է, եւ այդ ամենը կարելի է, մենք հետ ենք դառնալու մեր տեղերը»,-հայտարարեցին վաճառականները:
«Էլ չասենք զինվորական հագուստի մասին: Չգիտենք՝ դա ո՞ւմ բիզնեսն է, որ թողնում են»,-ասաց Անահիտ Նազարյանը: Վաճառականներից Մարետա Միրզոյանն էլ իր հերթին հավելեց. «Ի՞նչ իրավունքով են 200 դրամանոց նասկին զինվորի վրա 1500-ով վաճառում»:
«Առեւտուր չկա մարզադաշտի տարածքում: Հիմնականում թոշակառուներ ենք, հիմա հացի փող անգամ չենք կարողանում ունենալ»,-դժգոհեց Ալվարդ Տիգրանյանը: «Երկիր ծիրանի»-ի ավագանիները խոստացան խնդրի առնչությամբ ուսումնասիրել առկա փաստաթղթերը եւ համապատասխան ընթացք տալ:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ