Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդ մանկավարժը դասաժամերից դուրս դառնում է Ձյունանուշի՞կ, թե՞ Ձմեռ պապ». Գեւորգ Պետրոսյան

Հուլիս 10,2017 14:28

ԱԺ-ում ԿԸՀ-ի 2016-ի գործունեության մասին հաղորդումն է քննարկվում: Իր ելույթում «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն անդրադարձավ ընտրակաշառքի, ձայնագրությունների մասին ընդդիմադիրների քննադատություններին հաջորդած Գեւորգ Կոստանյանի արդարացումներին:

Գեւորգ Պետրոսյանի խոսքերով՝ ընտրությունների նախընտրական շրջանն ընթացել է խայտառակ իրավախախտումներով: ԿԸՀ-ն էլ չի օգտվել իր լիազորությունների ամբողջական ծավալից: Կոստանյանը հիշեցրել էր, որ անմեղության կանխավարկած կա, կարող է ձայնագրությունները կեղծ են, ինչո՞ւ պիտի դրա համար ընտրական գործընթացը խափանվեր: Այն բացատրությունը, որ դպրոցների տնօրենները կարող է իրենց դասաժամերից, աշխատանքից հետո են զբաղվել ցուցակագրությամբ, հրավիրել աշակերտների ծնողներին, Գեւորգ Պետրոսյանի համար ընդունելի չէ. «Այդ մանկավարժը, ինչ է, դասաժամերից դուրս դառնում է Ձյունանուշի՞կ, թե՞ Ձմեռ պապ: Նա պահպանում է իր կարգավիճակը եւ իր ազդեցությունը աշակերտների ծնողների նկատմամբ»:

Գեւորգ Պետրոսյանի խոսքերով՝ «Անձամբ ինձ զանգում է ոստիկանության ինչ-որ թաղային տեսուչ, ներկայանում է, ասում է՝ ձեր ընտանիքում քանի՞ հոգի կա, ովքե՞ր են: Իմ այն հարցին՝ էդ ո՞ր օրենքով եք ղեկավարվում իմ անձնական կյանքի, ընտանիքի մասին տեղեկություններ հարցնելու՝ ասում է՝ գիտեք, ես նոր թաղայինն եմ, փոխել եմ իմ գործելաոճը, պիտի իմ բնակիչների մասին տեղեկացված լինեմ, խնդիրներից: Ընտրություններից հետո էդ նույն ոստիկանը ուղղակի մրցավազքի է դուրս եկել Խաչատուր Աբովյանի հետ Մասիս սարը մագլցելու հարցում, մինչեւ հիմա չկա, որ իմանա մեր ընտանիքում ինչ խնդիրներ կան, մեր բակում ինչ խնդիրներ կան»:

Պետրոսյանն ասաց, որ հիմա իրենց բակում ինքն է կարգուկանոնը պաշտպանում:

Պատգամավորը հիշեցրեց, թե ինչպես են Գագիկ Ծառուկյանին նկատողություն արել՝ քարոզարշավի ժամանակ: Ըստ նրա, Տավուշի մարզում «հուսաբեկ եւ հավատաջարդ» մի գյուղացու օգնելու խոստում է տվել, ԿԸՀ-ն անմիջապես դաշինքին նկատողություն է հայտարարել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31