Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ է՝ սա ժողովրդավարություն չէ՞. որևէ մեկին հետապնդո՞ւմ են իր կարծիքի համար». Դավիթ Բաբայան

Հուլիս 10,2017 14:03

«Արցախում կայանալիք նախագահական ընտրությունները պիտի լինեն ԱԺ-ի կողմից նախագահի ընտրություն: Սրանք անցումային փուլի ընտրություններ են»,- Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Պարոն Բաբայանին հիշեցրինք այն մտահոգությունները, որոնք առնչվում էին Բակո Սահակյանի վերընտրման և դրանից բխող հետևանքներին:

Օրինակ՝ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանը կարծիք էր հայտնել, որ Արցախում կայանալիք նախագահական ընտրությունները հաստատապես չեն ավելացնի Արցախի ժողովրդավարության վարկանիշն ու առավելությունները` որպես զարգացող ժողովրդավարություն: Պարոն Սաֆարյանը, գնահատելով նախընտրական շրջանում իրավիճակը, նշել էր. «Քաղաքացիական հասարակություն ինչ-որ չափով կա, բայց շատ թույլ է, սրան էլ գումարենք արցախյան պատերազմը և այն, որ այսօր էլ դրա վերսկսման ռիսկերը կան, օբյեկտիվ առումով զսպում են ժողովրդավարության լիակատար զարգացումն Արցախում, քանի որ արտաքին վտանգի դիմակայումը շատ ավելի առաջնային է համարվում: Գաղափարների, ծրագրերի բանավեճեր չենք տեսնում, այլ բոլոր ուժերի կոնսոլիդացիա ենք տեսնում ընդդեմ մարտահրավերը հաղթահարելու, որի պատճառով քաղաքական մրցակցություն իրականում տեղի չի ունենում: Սա է պատճառը, որ ղարաբաղյան իշխանությունները մնացել են առանց այլընտրանքի, և իշխանության մեջ լինելու խնդիրը բավականին դյուրին է լուծվում, բայց հաստատապես դրսի հայացքով դա շահեկան չի լինելու Արցախի համար»:

Այս առիթով պարոն Բաբայանը պարզաբանեց, թե եղել են սահմանադրական բարեփոխումներ, սահմանադրական հանրաքվե, և այդ ժամանակ եղել է մտքերի բախում ու տարբեր տիպի մոտեցումներ. «Նույնիսկ հիմա կան այդ մոտեցումները, հիմա կան կուսակցություններ, որոնք սատարում են, կան քաղաքական ուժեր, որոնք չեն սատարում, կան քաղաքական ուժեր, որոնք ինչ-որ պայմանների դեպքում են սատարում: Սա բնական երևույթ է, և այդ տեսանկյունից որևէ վտանգ չեմ տեսնում»:

Պարոն Բաբայանն ասաց, որ սա անցումային փուլ է. եղել է սահմանադրական հանրաքվե, այն անցել է բաց, թափանցիկ և սա պարզապես եզրափակիչ մասն է, որը բացում է անցումային փուլը: Դրանից հետո 2020-ին արդեն լինելու են համաժողովրդական և նախագահական ու խորհրդարանական ընտրություններ:

Պարոն Բաբայանից հետաքրքրվեցինք՝ այժմ Արցախում կա՞ն նախադրյալներ ազատ, ժողովրդավար ընտրություններ անցկացնելու համար, ԼՂՀ նախագահի խոսնակը պատասխանեց. «Իհարկե, կան: Ո՞վ է ասել, որ չկան: Որտեղի՞ց եք վերցնում: Այս ընտրությունները ԱԺ-ն է ընտրում: Մինչև այդ եղել է սահմանադրական հանրաքվե, բոլորը դիտարկել են, չի եղել մի դիտորդ, չի եղել մեկը, որ ասել է՝ ինչ-որ խախտումներ են եղել: Հիմա էլ նույնպես ժողովրդավարական քննարկումներ են ընթանում: Դուք տեսնում եք՝ ով ասես, որ կարծիք չի հայտնում թե՛ այստեղ, թե՛ Արցախում: Ի՞նչ է՝ սա ժողովրդավարություն չէ՞. որևէ մեկին հետապնդո՞ւմ են իր կարծիքի համար: Սահմանադրական հանրաքվեն եղել է, ի՞նչ է՝ չվերջացնե՞նք այդ գործընթացը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31