Նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ պատգամավոր Գեւորգ Կոստանյանը ԱԺ-ում անդրադառնալով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին ուղղված ընդդիմադիրների քննադատություններին՝ կապված վարչական ռեսուրսի չարաշահման, ընտրակաշառքի, ձայնագրությունների հետ՝ ասաց, որ տպավորություն է՝ գլխավոր դատախազը Մուկուչյանն է. «Մենք բոլորս լսել ենք այդ ձայնագրությունը, տեղյակ ենք, սա Ընտրական հանձնաժողովի խնդիրը չի, իրավապահ համակարգի խնդիր է»:
Ըստ Կոստանյանի, քաղաքական տեսակետից ողջամիտ է ունենալ նման ձայնագրություն եւ մյուս մրցակցին անհարմար իրավիճակի մեջ դնել, բայց իրավական գործընթացի տեսակետից՝ ոչ. «Ինձ մոտ, որպես ընտրական հանձնաժողովի անդամի, որպես քաղաքացու մի հարց ծագելու էր՝ կարո՞ղ ա էդ ձայնագրությունները կեղծ են, կարո՞ղ ա էդ ձայնագրությունները ամբողջական չեն եւ միջամտություն է եղել՝ բովանդակությունը փոխելու տեսակետից: Կարո՞ղ ա ձայնագրությունները դիտավորյալ էդ ընտրական գործընթացում սարքված եւ ապա հանրությանը հրամցված փաստեր են: Կարող է: Կարող է եւ ոչ, բայց Տիգրան Մուկուչյանն այն անձը չի, որ այդ հարցերի պատասխանները պիտի տար: Դրա համար կա նախաքննության մարմին, դատախազություն, գլխավոր դատախազություն: Եթե այս հարցերը տայիք գլխավոր դատախազին, կստանայիք ավելի սպառիչ պատասխաններ, քան ակնկալում եք Մուկուչյան Տիգրանից»:
Նիկոլ Փաշինյանը ցուցակ էր հրապարակել ՊՊԾ գնդի ոստիկանների, որոնք ցուցակ են հավաքել ընտրություններին՝ ըստ իրենց կողմից աղբանոցում գտած ֆաքսի: Կոստանյանն ասաց, որ եթե ՊՊԾ գնդի սպաները ցուցակ են հավաքում, դասական իշխանազանցություն է, բայց եթե դա այդպես է. «Տիգրանը չի էն սուբյեկտը, որ պիտի ասի՝ հիմա դա իշխանազանցություն է, թե չէ եւ դրան տա իրավական գնահատական: Դրա համար կա դատախազություն: Կարող է էդ ցուցակները կան, կարող է դրանք եւս կեղծիք են»:
Ըստ Կոստանյանի, չի կարող աղբանոցից հայտնված փաստաթուղթը հիմք հանդիսանա՝ իրավական հետեւանքների համար. «Եթե Մուկուչյան Տիգրանը աղբանոցից գտած փաստաթղթերի հիման վրա իրավական ընթացակարգերը տաներ այնպես, որ ընտրական գործընթացի մյուս մասնակցի իրավունքները խախտեր, ես ինքս էլ իրան դատի կտայի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ