Եթե Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից
հստակ առաջարկ լինի, դաշինքը կքննարկի այն
«Մենք նախկինում էլ հայտարարել ենք, որ «թավշյա» հեղափոխության սցենարը չենք բացառում: Կախված նրանից, թե Րաֆֆի Հովհաննիսյանն ինչ առաջարկ կանի, մենք այդ առաջարկը անպայման կքննարկենք: Նման սցենարի իրականցումն առհասարակ չեմ բացառում»,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասաց «ԵԼՔ» դաշինքի մամուլի խոսնակ, Երեւանի ավագանու անդամ Տիգրան Ավինյանը: Հիշեցնենք՝ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ 2018թ. ապրիլին՝ նախագահի լիազորությունների ավարտին ընդառաջ, անհրաժեշտ է իշխանափոխության հասնել «թավշյա» հեղափոխության միջոցով: «Ժառանգության» առաջնորդը չի բացառում փողոցային պայքարը եւ խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերին կոչ է անում միավորվել: Նա օրերս ասաց, որ եթե Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը եւ Արամ Սարգսյանը ցանկանան, «Ժառանգությունը» պատրաստ է գործակցել:
Տիգրան Ավինյանի խոսքով՝ դեռ վաղ է «թավշյա» հեղափոխության ձեւաչափի մասին խոսել. «Շատ կարեւոր է, որ այդ քայլի հանդեպ հանրային պահանջարկ լինի: Ժողովուրդը պետք է հստակ պահանջարկ ներկայացնի քաղաքական ուժերին, որոնք էլ իրավասու եւ լիազոր կլինեն իրականացնելու նման գործողություններ: Դժվար է կանխատեսումներ անելը: Նախկինում եղել են հանգիստ շրջափուլեր, ինչից հետո դրսեւորվել են հանրահավաքային տրամադրությունները, օրինակ՝ տրանսպորտի սակագնի թանկացման դեմ պայքարը, «Էլեկտրիկ Երեւան»-ը: Թվացյալ հանգստությունը երբեմն բռնկվում է եւ վերածվում փողոցային ակցիաների»:
Մեր զրուցակիցը նշեց, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հստակ առաջարկ լինի, իրենք բաց են քննարկումների համար. «Մենք նախկինում էլ ենք բաց եղել «Ժառանգության» հետ քննարկումների համար: Հիմա ոչ մի բան չի փոխվել: Միայն կբացառենք զինված պայքարի սցենարը»:
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ»
08.07.2017