Լրահոս
Օրվա լրահոսը

«Նման պնդումներ անողներն ապացուցում են, որ անգամ տարրական գիտելիքներ չունեն արտաքին քաղաքականության վերաբերյալ». Տիգրան Բալայանը՝ Արա Պապյանին

Հուլիս 10,2017 12:49

«Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանն օրեր առաջ մտահոգություն հայտնեց, որ ՀՀ ԱԳՆ-ն վարում է ալարկոտ քաղաքականություն:

ՀՀ ԱԳՆ-ի գործունեության վերաբերյալ նա քննադատություն հնչեցրեց, թե անվերջ բողոքելու փոխարեն կառույցը ոչ համարժեք է արձագանքում անգամ ՀՀ Տավուշի մարզում խաղաղ բնակչության գնդակոծմանը, թե բուլղարական փաստաթղթերի ի հայտ գալը, համաձայն որոնց՝ Ադրբեջանն իսլամիստական ահաբեկչական խմբերի է զենք մատակարարել, հօգուտ մեզ չի օգտագործվում և ոչ մի համարժեք հայտարարություն չի հնչում:

Aravot.am-ը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանից հետաքրքրվեց՝ արդյոք այս քննադատությունների հիման վրա ՀՀ ԱԳՆ-ն իր գործունեությունը պատրաստվու՞մ է վերանայել: Պարոն Բալայանը պատասխանեց. «Հայաստանը վարում է նախաձեռնող և շատ ակտիվ արտաքին քաղաքականություն, և դա բազմաթիվ առիթներով նշվել է ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների ղեկավարների կողմից: Դրա մասին է վկայում այն հեղինակությունը, որ Հայաստանը վայելում է միջազգային ասպարեզում։ Իսկ նման պնդումներ անողներն ապացուցում են, որ անգամ տարրական գիտելիքներ չունեն արտաքին քաղաքականության, դիվանագիտության և միջազգային հարաբերությունների մասին»:

Արա Պապյանը նաև հիշեցրել էր այն, որ ԱԳՆ-ում ժամանակին ամեն շաբաթ ճեպազրույցների անցկացման լավ ավանդույթ կար, մինչդեռ այն այժմ հանվել է: Տիգրան Բալայանին հարցրինք՝ հնարավո՞ր է այդ ավանդույթը վերականգնվի: ԱԳՆ մամուլի խոսնակն ի պատասխան հավաստիացրեց, թե ԱԳՆ-ն իր տեսակետները մշտապես հայտնում է, և ԱԳՆ պաշտոնյաները ամենահասանելի և շատ լուսաբանվողներից են:

Սահմանային սրացումների հետ կապված նաև որոշ կարծիքներ հնչեցին, որ կարելի էր Ալխան գյուղում երկու տարեկան երեխայի սպանության փաստի համար ուղղակի ցավակցություն հայտնել Ադրբեջանի նախագահին եւ երեխայի ընտանիքին աղջկա մահվան կապակցությամբ եւ դա անել Հայաստանի առաջին դեմքերի անունից, որպես ղարաբաղյան պատերազմ կոչվող արյունահեղությունը դադարեցնելու բարի կամքի դրսեւորում։ Պարոն Բալայանից հետաքրքրվեցինք՝ արդյոք այս տարբերակը նպատակահարմար կլինե՞ր և ՀՀ-ն այդ դեպքում կհայտնվե՞ր շահեկան դիրքերում: Տիգրան Բալայանն այս հարցին գերադասեց կարճ պատասխանել. «Ադրբեջանի վերջին սադրանքների և դրա հետևանքների մասին մենք մեր տեսակետն արդեն արտահայտել ենք»:

Լրացուցիչ հետաքրքրվեցինք՝ ճեպազրույցները կվերականգնվե՞ն և ո՞րն է ներողություն խնդրելու առումով Ձեր դիրքորոշումը, պարոն Բալայանը պատասխանեց, թե «Պատասխաններս արդեն տվեցի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31