Դատախազության 2016-ի տարեկան գործունեության մասին հաղորդումն է քննարկվում ԱԺ-ում, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր ամփոփիչ ելույթում անդրադարձավ պատգամավորների քննադատություններին՝ կապված «Հաց բերող»-ի կալանքի, կալանքը որպես խափանման միջոց հաճախ ընտրելու հետ:
Գլխավոր դատախազի խոսքերով՝ կոռեկտ չէ Արթուր Սարգսյանի մահվան շահարկումը, քրեական գործ է քննվում: Արթուր Դավթյանը բացատրեց, որ բժշկական կոնսիլիումի եզրակացության հիման վրա են որոշում կայացրել՝ կալանքի վերաբերյալ: Հետո տեսել են, որ եզրակացության մեջ կա հակասություն, վարույթ իրականացնող մարմինը կրկնակի դատաբժշկական փորձաքննություն է սահմանել, ինչը իրավաչափ է. «Ոչ թե մասնագիտական եզրակացությունները հիմք հանդիսացան Արթուր Սարգսյանի՝ երկրորդ անգամ կալանավորման, այլ՝ դատաքննության հստակ պահանջը: Արթուր Սարգսյանը խախտել էր իր նկատմամբ ընտրված խափանման միջոցի պայմանները, պատշաճ ծանուցված լինելով՝ չէր ներկայացել վարույթ իրականացնող մարմին, խոչընդոտել էր ծանուցագիրը օրենքով նախատեսված անձանց հանձնելու գործընթացին»: Գլխավոր դատախազը վստահեցրեց, որ բարձր ռիսկեր են եղել՝ նոր հանցագործություն կատարելու, ուստի Հաց բերողի երկրորդ անգամ կալանքը հիմնավորված է եղել:
Ի պատասխան Էդմոն Մարուքյանի հարցադրման, Արթուր Դավթյանը հրապարակեց քրգործերով մեղադրվող պաշտոնատար անձանց մի ցանկ, որոնց նկատմամբ ընտրվել է կալանքը եւ տեսակցություններն էլ նրանց հետ սահմանափակված են. «Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, «Հրազդան» ՔԿՀ-ի անվտանգության բաժնի աշխատակից, Արարատ եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատավոր, «Հրազդան» քրեակատարողականի օպերատիվ խմբի ղեկավար, քրեակատարողականի օպեր լիազոր, Բավրայի մաքսատան պետ, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, դատավոր, նույն մարզի դատախազության դատախազ, Աշտարակի հարկային տեսուչ: Այս անձինք պաշտոնական հանցագործություններ կատարելու համար ներկայումս մեղադրվում են, խափանման միջոցը կալանքն է, տեսակցություններն էլ սահմանափակ է: Այս ցանկը սպառիչ ցանկ չէր»:
Անդրադառնալով ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու դեպքերին, որ որեւէ ոստիկան չի կալանավորվել՝ գլխավոր դատախազն ասաց, որ 2016-ի հուլիսյան դեպքերի ժամանակ 8 անձ է դատապարտվել՝ լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար, որոնցից 4-ը կալանավորվել են, ապա դատապարտվել են ազատազրկման, ոստիկանության 4 աշխատակիցներ են դատապարտվել՝ ՊՊԾ գնդի ծառայության ավագ տեսուչ կապիտան, նույն գնդի հատուկ գումարտակի երկու սերժանտներ, ոստիկանության զորքերի սպառազինության ծառայության պետ, փոխգնդապետ:
Սա ասելով՝ Դավթյանը վստահեցրեց, որ օրենքը ընտրողաբար չեն կիրառում:
Գլխավոր դատախազը զարմացել է: Նա ափսոսանք հայտնեց, որ որեւէ մեկը պատգամավորներից այդպես էլ իրենից չպահանջեց բացառիկ հանցանք կատարած, շուրջ 15 օր երկրի անդորրը խաթարած «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների արդարացի պատիժն ապահովել, 3 բացարձակ անմեղ, հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարող ոստիկաններին սպանողներին պատժել: Դա եւս իր պարտքն է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ