ԱԺ-ում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել էր դատախազության 2016-ի գործունեության մասին հաղորդումը: Քննարկման ժամանակ նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ պատգամավոր Գեւորգ Կոստանյանը իր ելույթում հիշեցրեց նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը, երբ այցելել էր գլխավոր դատախազություն: Ըստ Կոստանյանի, նախագահը այն քաղաքական կամքը ցույց տվեց, որ հասարակության մտահոգությունները լուծող են:
Նա ասաց, որ Սերժ Սարգսյանն ասել է՝ դատախազությունը պետք է իրավապաշտպան դեր ստանձնի. «Քննիչները, դատախազները միշտ ասում էին՝ օրենքը այսպես է, այսպես ենք արել, բայց հիմա սա նշանակում է, որ նախապատվությունը պետք է տան մարդու իրավունքին»:
Ինչ վերաբերում է կալանքը որպես խափանման միջոց հաճախ կիրառելուն, Կոստանյանն ասաց, որ քննիչը, կալանքի միջնորդությունը բավարարող դատարանը պատասխանատվության սուբյեկտ է լինելու, եթե միջնորդությունը անհիմն մերժեն:
Գեւորգ Կոստանյանն ասաց, որ հանրային վստահությունը պետք է բարձրացնել դատական համակարգի նկատմամբ եւ դատախազությունը, որը հսկողություն է իրականացնում, լուրջ աշխատանք պետք է տանի, առանցքային դեր ունի: Նա հորդորեց վստահություն հայտնել գլխավոր դատախազին. «Մեր խմբակցությունն ավելի պահանջատիրական կողմից է մոտենում արդարության հաստատմանը, ավելի պահանջատեր է՝ գլխավոր դատախազության նկատմամբ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ