«Ըստ իս, դուք բացարձակ սխալ հասցեով եք դիմել: Այդ հարցով պետք է դիմեք ՀՀԿ-ի ներկայացուցիչներին. իրենք վերցրել են մեծամասնություն, իրենք վերցրել են քաղաքական պատասխանատվությունը: Թե ո՞վ կլինի 2018-ին վարչապետ`ինձ անձամբ, ոչ վերաբերում է, եւ, անկեղծ ասած, ոչ էլ հետաքրքրում է»,-Aravot.am-ի հարցին այսպես արձագանքեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը`պատասխանելով հարցին`իր կարծիքով 2018-ին ո՞վ է լինելու վարչապետը: Այս թեման, հիշեցնենք, սկսեց ակտիվ շրջանառվել, երբ Կարեն Կարապետյանը նոր խորհրդարանի դատին ներկայացրեց կառավարության հնգամյա գործունեության ծրագիրը: Ընդդիմադիրները բովանդակային քննարկումները մի կողմ թողնելով`շեշտադրում կատարեցին այն հարցի վրա, թե ո՞վ է լինելու 2018-ին վարչապետ:
«Եթե մենք վերցնեինք մեծամասնություն, այդ ժամանակ ձեր հարցը կլիներ տեղին եւ այդ ժամանակ ես կասեի, որ ես վարչապետի թեկնածու եմ տեսնում Գագիկ Ծառուկյանին»,- հավելեց Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը եւ Վարդան Բոստանջյանը, տարբեր հարցազրույցներում, ասել էին, որ խնդիր չեն տեսնում, որ 2018-ին Սերժ Սարգսյանը լինի վարչապետ:
Հարցին`խոսակցություններ կան, որ 2018-ից «Ծառուկյան» դաշինքը հնարավոր է կոալիցիա կազմի իշխող ուժի հետ, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Մեր օրակարգում կոալիցիա կազմելու խնդիր չկա: Թե այդ խոսակցություններն ո՞վ եւ ի՞նչ նպատակով են դնում շրջանառության մեջ`դիմեք իրենց»: Դիտարկմանն էլ, որ Վարդան Բոստանջյանը չէր բացառել նման զարգացումները, Նաիրա Զոհրաբյանը հակադարձեց. «Ես ձեզ պատասխանեցի. «Ծառուկյան» դաշինքի օրակարգում այսօր կոալիցիա կազմելու խնդիր չկա»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ