Այսօր «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը իր ելույթում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ խոսեց «բլոտի» բառապաշարով: Նա 5 դրվագով «քուանշ» տվեց դատախազին՝ հիշեցնելով, որ քուանշ բլոտում տալիս են՝ դիմացինի ասածը կասկածի տակ դնելու համար. «Մարտի 1-ի գործով գլխավոր դատախազն ասում է, որ իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ 2008- Մարտի 1-ի սպանությունների բացահայտման, դրանք կատարած անձանց մեղադրանքը հիմնավորելուն ուղղված ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ: Քուանշ, պարոն գլխավոր դատախազ, դուք ուզում եք ասել, որ հիմա որեւէ գործողությո՞ւն եք կատարում Մարտի 1-ի գործով: Դուք, իմիջիայլոց, կարող եք սրել եւ ցույց տալ քննչական որեւէ գործողության արձանագրություն, որ իրավապահ համակարգը որեւէ գործողություն կատարում է: Դուք այդ հերթապահ նախադասությունը արտասանող արդեն 3-րդ գլխավոր դատախազն եք»:
Փաշինյանն ասաց, որ բոլոր զոհերը, բացառությամբ Տիգրան Աբգարյանի եւ Համլետ Թադեւոսյանի, առանց դատ-դատաստանի մյուսներին արդեն անվանել են քրգործում զանգվածային անկարգության մասնակիցներ, հանցագործության մեղսակիցներ: «Չերյոմուխայի» 7 հատուկ միջոցի կիրառմամբ սպանված 7 ցուցարարների անուն-ազգանունները հայտնի են, 5 ոստիկանի կիրառած զենքով սպանվել են 3 հոգի, վկա չկա՞, չգիտե՞ք մարդկանց տեղակայման վայրերը, ե՞րբ են կրակել, ինչպե՞ս են կրակել»:
Փաշինյանը հիշեցրեց Ռոբերտ Քոչարյանի խոսքերը. «Բա ասում էիք հազարավոր ժամեր նկարված տեսանյութեր կան, էդ տեսագրություններն ո՞ւր են, կորա՞ն, ամենաբարձր մակարդակով է ասվել, Քոչարյանն է ասել, որ վիդեոներ կան, որտեղ ամեն ինչ նկարագրված է: Ամեն ինչ նկարագրված է, բացի սպանությունների կատարման դրվագների՞ց»:
Երկրորդ «քուանշը» նա տվեց՝ Ժիրայր Սեֆիլյանի, Պավել Մանուկյանի, Կյուրեղյանի եւ մյուսների ընտանիքի անդամների տեսակցությունների հետ կապված: Մեկ տարի է անցել, այդ մարդկանց թույլ չեն տալիս տեսակցել իրենց երեխաների հետ անգամ: Գլխավոր դատախազն ԱԺ-ում ասել էր, որ մեղադրյալը կարող է ապօրինի ներգործություն ունենալ վարույթի իրականացման վրա. «Այսինքն, էդ մարդկանց՝ իրենց երեխաների հետ հանդիպել թույլ չտալը պայմանավորված է քրգործի շահերով: Քուանշ, պարոն գլխավոր դատախազ, ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին օրենքն ասում է, որ մերձավոր ազգականների հետ թույլատրել տեսակցել՝ ծառայողների հսկողությամբ»:
Փաշինյանն ասաց, որ եթե նրանց հետ տեսակցություն թույլ տված լինեին եւ տեսնեին, որ, օրինակ, Ժիրայր Սեֆիլյանի11-ամյա տղան փորձում է հորը ատոմային ռումբ փոխանցել, այդ ժամանակ արդարացում կունենային, կասեին՝ այս մարդկանց մանկահասակ երեխաները փորձում են խոչընդոտել, ընդհատել ենք: Իսկ այսպես ուղղակի արգելք դնելը, ըստ Փաշինյանի, հաշվեհարդար է եւ խոշտանգում է. «Պարտադիր է եղունգները քաշե՞ն, էդ էլ է խոշտանգում: Նախաքննությունն էլ մեկ ամսից ավելի է՝ ավարտվել է: Բա անձնական հաշվեհարդարը պոզով-պոչով մեծ կենդանի՞ է»:
Հաջորդ «քուանշը» Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու «Ելքի» երաշխավորման հետ էր կապված: Նա մեջբերեց գլխավոր դատախազի արձագանքը, որ Ղուկասյանի պատշաճ վարքագիծը չեն կարող երաշխավորել: Փաշինյանի խոսքերով՝ Թանդիլյանը, ինքը երաշխավորի դերում են հանդես եկել, իրենց վրա են վերցրել պատասխանատվությունը, Անդրիաս Ղուկասյանն ասել է, որ նախաքննության մարմնի բոլոր կանչերով կներկայանա, էլի դատախազն ասում է՝ երաշխիք չկա. «Բա եթե մի ամբողջ խմբակցության ասելը ձեր համար երաշխիք չի, բա ո՞ւմ համար է երաշխիք: Պիտի Անդրիաս Ղուկասյանը մարդասպան ռեցիդիվիստ լինե՞ր, որ ՀՀԿ-ի համար իմանայիք ձայներ է ապահովելու իր քուչում, ներում տայիք, ազատեի՞ք»:
Փաշինյանն ասաց, որ եթե 9 պատգամավորի ասածը Դավթյանի համար երաշխիք չի, իր ասածն էլ իրենց համար երաշխիք չի, ծայրից ծայր սուտ է: Նա հայտարարեց. «Դուք ամեն օր Բաղրամյան 26-ից հրահանգներ եք ստանում՝ էս մեկին ազատել, էս մեկին բռնել, սրա վրա սարքել, էս մեկին նկատել, էն մեկին չնկատել»:
Հաջորդ «քուանշը» «Հաց բերողի» հետ էր կապված: Փաշինյանը հիշեցրեց, որ գլխավոր դատախազին զգուշացրել են Արթուր Սարգսյանի կալանքը փոխել, զգուշացրել են, որ մահանալու է, չի լսել: Ըստ Փաշինյանի, Հաց բերողը հեղինակություն էր, մեր ժամանակների հերոսն էր, ուստի իշխանությունները չհանդուրժեցին, որ Սերժ Սարգսյանից բացի զուգահեռ ուրիշ հերոս լինի:
Գլխավոր դատախազը հայտարարել էր, որ դատական համակարգում կոռուպցիոն ռիսկերը զրոյացված են: Այստեղ Փաշինյանը ոչ թե «քուանշ» տվեց, այլ հայտարարեց. «Քյարփինջը կապույտ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ