Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի իր գործընկեր Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ Ստամբուլում քննարկել է Արցախի կարգավորման հարցը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:
Ալիևը Ստամբուլ է ժամանել՝ մասնակցելու այնտեղ ընթացող Համաշխարհային նավթային 22-րդ կոնգրեսին:
Նշվում է, որ նախագահները քննարկել են ռազմական ոլորտում երկու երկրների համագործակցության հետագա ամրապնդմանն ու խորացմանն ուղղված հարցեր, ինչպես նաև Արցախի հակամարտության շուրջ հայ-ադրդբեջանական կարգավորման հարցը:
Էրդողանն ընդգծել է, որ «Թուրքիան, ինչպես միշտ, պաշտպանում է ԼՂ հակամարտության շուրջ հայ-ադրբեջանական կարգավորումը միջազգային իրավական նորմերի հիմքի վրա՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»: Հաղորդագրության մեջ նշվում է, որ «պետությունների ղեկավարները նշել են՝ Թուրքիան ու Ադրբեջանը բոլոր հարցերում գտնվում են իրար կողքի»:
Կողմերը նաև ընդգծել են թուրք-ադրբեջանական բարեկամական և եղբայրական հարաբերությունների հաջող զարգացումը, կապերի բարձր մակարդակը քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում: Նախագահները մատնանշվել են երկու երկրների միջև էներգետիկ ոլորտում ռազմավարական նշանակության նախագծերի բարեհաջող իրականացումը, մասնավորապես, գոհունակությամբ ընդգծել են, որ TANAP նախագիծը կավարտվի գալիք տարում, ասվում է հաղորդագրության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ