Քիմիոնը երկամյա խոտաբույս է՝ իլիկանման մսոտ արմատով, կանգուն, վերին մասում ճյուղավորված, 30-100 սանտիմետր բարձրությամբ ցողունով: Այս բույսին ժողովուրդը ասում է նաեւ քեմոն, չաման հայոց, զիրե, ճապուռ: Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին: Սերմերը հարուստ են ճարպերով, սպիտակուցներով, եթերային յուղերով: Դրանք պարունակում են նաեւ դաբաղային միացություններ, ֆլավոնոիդներ: Նեխուրազգիների ընտանիքին պատկանող այս համեմունքային դեղաբույսը հանդիպում է ինչպես բանջարանոցներում, այնպես էլ վայրի վիճակում: Քիմիոնի երիտասարդ տերեւները պարունակում են վիտամին C եւ հանքային աղեր:
Դեղաբանական ազդեցությունն ու կիրառումը
Քիմիոնը եւ նրա պատրաստուկներն օժտված են լեղամուղ, ախորժաբեր, ստամոքսահյութի արտադրությունը խթանող, գազահան, սպազմոլիտիկ, ախտահանիչ, բրոնխոլիտիկ եւ հակաճիճվային ազդեցությամբ: Կիրառվում է մեթեորիզմի՝ գազերի կուտակում որովայնի խոռոչում, փքվածություն, աղիների ատոնիայի, հիպոացիդ գաստրիտների՝ ցածր թթվայնության ստամոքսաբորբերի ժամանակ: Քիմիոնը գրգռում է ախորժակը, ուժեղացնում է ստամոքսի եւ աղիների շարժողական եւ արտազատողական գործունեությունը, իջեցնում է ստամոքսի նեխման եւ խմորման երեւույթները, ուժեղացնում է կաթնագեղձերի արտազատումը, օժտված է խորխաբեր, թույլ լուծողական, հակաջղացնցումային եւ ցավազրկող ազդեցությամբ: Քիմիոնի սերմերը լայն գործածություն ունեն խոհանոցում: Դրանով համեմում են մսային կերակրատեսակներ, աղցաններ, ինչպես նաեւ օգտագործվում է հաց թխելիս:
Դեղատոմսեր եւ պատրաստուկներ
Որպես գազահան, լեղամուղ միջոց:
2 ճաշի գդալ պտուղներին ավելացնել 1 բաժակ եռացրած տաք ջուր, տաքացնել ջրաբաղնիքի վրա 15 րոպե, սառեցնել սենյակային ջերմաստիճանում 45 րոպե, քամել: Ստացված ջրաթուրմի ծավալը տաք ջրով հասցնել սկզբնականին: Ընդունել 0,5 բաժակից օրը 2-3 անգամ՝ ուտելուց հետո: Կարելի է պատրաստել նաեւ եփուկ:
Որպես խորխաբեր միջոց
1 ճաշի գդալ պտուղներին ավելացնել 2 բաժակ եռման ջուր, տաքացնել մարմանդ կրակի վրա 5-7 րոպե, տաք վիճակում քամել: Ընդունել 0,5 բաժակից օրը 3-4 անգամ՝ ուտելուց 1 ժամ առաջ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
08.07.2017