«Թալիշեցիները լավատեսորեն են տրամադրված և ցանկանում են վերադառնալ իրենց գյուղ` մշտական վերաբնակություն հաստատելու համար»,- Aravot.am-ի հետ զրույցում ասում է Թալիշ համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը:
Համայնքապետի խոսքով, այժմ Թալիշում շարունակում են բնակվել միայն տղամարդիկ, իսկ կանայք և երեխանները ժամանակավոր ապաստանել են Արցախի տարբեր բնակավայրերում:
Նրա խոսքով` ապրիլյան առճակատման ընթացքում հրետակոծված և ավերված Թալիշում իրականացվում են վերականգնման աշխատանքներ: Ընթացքի մեջ է համայնքապետարանի և հանդիսությունների սրահի շինարարությունը, որտեղ այժմ կատարվում են ներքին հարդարման աշխատանքներ: Մեկնարկել է մանկապարտեզի հիմքի կառուցման աշխատանքները, ինչպես նաև պատրաստ է դպրոցի և հիմնանորոգվող առանձնատների նախագծերը: Առաջին փուլով նախատեսվում է հիմնանորոգել 16 առանձնատուն` բոլոր կոմունալ հարմարություններով:
«Դպրոցի նախկին շենքը, որտեղ դեռևս մինչ ապրիլյան պատերազմը իրականացվում էին վերանորոգման աշխատանքներ, այժմ դարձել է հակառակորդի կողմից տեսանելի, այդ իսկ պատճառով նախատեսվում է դպրոցի նոր շենքի կառուցում»,-պարզաբանում է Վիլեն Պետրոսյանը:
Նա նշում է, որ ապրիլյան օրերից հետո շինարարական աշխատանքներ են տարվել նաև գյուղ տանող ճանապարհի վրա և կառուցվել է փոս-ճանապարհ` անվտանգությունից ելնելով:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ