Երեւի Հայաստանն աշխարհի այն երկիրն է, որտեղ ամենից շատ են պայքարում կոռուպցիայի դեմ: Ոչ թե երեւի, այլ՝ հաստատ: Պայքարել են առաջ եւ շարունակում են պայքարել հիմա, պայքարում են գրեթե բոլորը՝ իշխանամետներն ու ընդդիմադիրները, կուսակցականներն ու անկուսակցականները, դաշնակցականներն ու հանրապետականները, «Երկիր ծիրանին» ու «Ելքը», տղամարդիկ ու կանայք, երիտասարդներն ու տարեցները, գործատերերն ու գործազուրկները, պարապներն ու գործավորները, բողոքավորներն ու իշխանավորները… Իշխանավորներն՝ առաջին հերթին: Ընդ որում՝ ոչ թե սովորական իշխանավորները, այլ առաջին հերթին կառավարության անդամներն ու ամբողջ կառավարությունը. Հովիկ Աբրահամյանից սկսած եւ Կարեն Կարապետյանով չվերջացրած:
Պայքարել են, պայքարում են, բայց կարծես թե ոչինչ չի ստացվել ու ոչինչ չի ստացվում: Կոռուպցիան ոչ մի կերպ չի պակասում: Համենայնդեպս, իմ տպավորությունն էդպիսին է: Ավելին. իմ տպավորությամբ՝ կոռուպցիան ոչ թե պակասում, այլ ավելանում է: Հանձնաժողովներ էլ են ստեղծում, բայց էլի ոչինչ չի ստացվում:
Այդուհանդերձ, պայքարը շարունակվում է:
Կներեք հոռետեսությանս համար, բայց ինձ թվում է՝ էլի ոչինչ չի ստացվելու:
Ժողովուրդն ու շարքային քաղաքացիներն էլ առանձնապես ոգեւորված չեն այդ պայքարով՝ ոչ միայն այն պատճառով, որ այդ պայքարի արդյունքը չեն տեսնում, այլեւ այն պատճառով, որ այդ պայքարի նույնիսկ դրական արդյունքի դեպքում ո՛չ աշխատատեղեր են ստեղծելու եւ ոչ էլ կենսաթոշակներն են բարձրանալու:
Հիմա էլ Ազգային ժողովն է օրենք ընդունել «Հակակոռուպցիոն անկախ մարմին» ստեղծելու վերաբերյալ: Վերջերս այս թեմայով հետաքրքիր ու մանրակրկիտ ուսումնասիրություն էր կատարել քաղաքագետ Անանիա Մաղաքյանը, ով իրավացիորեն կարծում էր, որ Հայաստանում անհնար է ստեղծել հակակոռուպցիոն մարմին, որն իրականում անկախ լինի: Համաձայնվելով Մաղաքյանի հետ՝ ավելին կասեմ. Հայաստանում գրեթե անհնար է ստեղծել հակակոռուպցիոն մի մարմին, որի անդամները բացարձակապես զերծ լինեն կոռուպցիայից:
Այսինքն՝ կոռուպցիան Հայաստանում էականորեն կնվազի, եթե նրանք, ովքեր կոչված են ու հանձն են առնում պայքարել կոռուպցիայի դեմ, անձամբ իրենք իրենց զերծ պահեն կոռուպցիայից: Բայց դա, համաձայնեք, ֆանտաստիկայի ոլորտից է: Որովհետեւ մեր նախարարները, բարձրաստիճան պաշտոնյաներն ու պատգամավորները, ճիշտ է, երեք հարյուր հազար դրամից ավելի աշխատավարձ են ստանում, բայց համաձայնեք, որ բարձրաստիճան պաշտոնյաների նաեւ ծախսերն են շատ, եւ եթե նրանք մեր շարքային քաղաքացիներից էականորեն բարձր աշխատավարձ են ստանում, դա դեռ հիմք չի, որ կոռուպցիայով չզբաղվեն: Մանավանդ որ՝ դրա հնարավորությունը լիուլի ունեն: Բացառիկ մարդիկ կան, որ, օրինակ, կաշառք վերցնելու հնարավորություն ունեն, բայց չեն վերցնում: Բացառիկ ազնիվներ միշտ էլ եղել են ու մեր օրերում էլ կլինեն, բայց մեր ասելիքը ոչ թե բացառություններին է վերաբերում, այլ օրինաչափություններին: Իսկ օրինաչափությունն այն է, որ մեզանում կաշառք չեն վերցնում հիմնականում նրանք, ում չեն առաջարկում:
Բայց կոռուպցիան միայն կաշառք առնելն ու կաշառք տալը չէ, եւ կոռուպցիայով միայն պաշտոնյաները չեն զբաղված: Կոռուպցիան փողեր լվանալն է, «ատկատներն» ու նմանատիպ այլ բաներն են: Իմ իմանալով: Իմ իմանալով՝ կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակով նաեւ լուրջ միջոցներ են նախատեսվում ու ծախսվում: Այսինքն՝ կարող է այնպես ստացվել, որ կոռուպցիայի դեմ մեր այս հերթական անողոք պայքարն առաջվա պես որեւէ դրական արդյունք չտա, բայց արդյունքում միանգամայն անտեղի ու անիմաստ միջոցներ ծախսվեն:
Ինչ եմ առաջարկո՞ւմ: Ոչինչ էլ չեմ առաջարկում: Ես ո՞վ եմ, որ որեւէ լուրջ բան առաջարկեմ մի բանի դեմ, որը դարերով եղել է ու կլինի: Կոռուպցիան:
Միակ բանը, որ կարող եմ առաջարկել, հետեւյալն է. կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովներ մի ստեղծեք. ինչպես միշտ, որեւէ արդյունքի չեք հասնի: Կոռուպցիայի դեմ թող պայքարեն նրանք, ում պարտքն ու պարտականությունն է կոռուպցիայի դեմ պայքարելը. դատախազները, դատավորները, ոստիկաններն ու քննիչները, մի խոսքով՝ իրավական համակարգը:
Իսկ կառավարությունը, Ազգային ժողովն ու մյուս ամենավերադասները թող հետեւեն, որ վերոնշյալներն ազնվորեն, սկզբունքորեն ու հետեւողականորեն պայքարեն կոռուպցիայի դեմ: Կոռուպցիան, իհարկե, չի վերանա, բայց հնարավոր է՝ մի քիչ պակասի:
Դա արդեն լուրջ արդյունք կլինի:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ
Պետությունը կենդանի երեւույթ է, ինչպես բույսն ու մարդը հիվանդանալ ունի եւ առանց հիվանդանալու համապատասխան դիմադրողականություն ձեռք չի բերի, սա էլ մեր պետության մանկական հիվանդությունն է, իսկ մենք ունե՞նք պետական հիվանդությունները ուսումնասիրող ու բուժող գիտական ու քաղաքական հաստատություններ, թե՞ երեխան ինքն իրեն պետք է բուժի: Կարծում եմ, սա շատ բարդ մասնագիտական խնդիր է եւ միայն գիտնականների ու իսկական ազգային քաղաքական գործիչների համատեղ գործունեության շնորհիվ հնարավոր է կանխել վիճակի է՛լ ավելի վատթարացումը ու արդյունավետ բուժել մեր պետական համակարգը: