«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շնորհիվ հնարավորություն է ստեղծվել դիտելու Ռոտերդամի կինոփառատոնի լավագույն ֆիլմերը, այդ թվում` ռեժիսորներ Աֆոնսու Ուչոայի, ժոաու Դումանսի «Արաբիան» (Բրազիլիա), Սոֆի Գուայետի «Դեռ մութ, դեռ լույսը» (Կանադա), Սանալ Կումար Սասիդհարանի «Ցանկալի Դուրգանը» (Հնդկաստան):
«Արաբիան» մի շարք մրցանակներ ունի, այդ թվում` Հատուկ հիշատակում, Բուենոս Այրեսի միջազգային կինոփառատոն, Լիսաբոն քաղաքի մեծ մրցանակ, Պատվավոր հիշատակում, IndiLisboa միջազգային կինոփառատոն: Ֆիլմը պատմում է Անդրեի մասին, որն ապրում է Օրու Պրետու քաղաքի արդյունաբերական թաղամասում: Շաբաթը մեկ նրա մորաքույր Մարսիան՝ համայնքային հիվանդանոցի կամավոր բուժքույրը, այցելում է Անդրեին ու նրա կրտսեր եղբորը՝ տնային գործերում օգնելու համար, քանի դեռ մայրը նրանցից հեռու է: Մի օր բանվորներից մեկը գործարանում տուժում է դժբախտ պատահարից:
Մարսիան հենց գործարանի դիմաց նրան առաջին օգնություն է ցույց տալիս և խնդրում Անդրեին գնալ այդ բանվորի` Կրիշտիանուի տուն նրա փաստաթղթերի ու հագուստի հետևից: Տեղ հասնելով՝ Անդրեն նոթատետր է հայտնաբերում: Պարզում է, որ Կրիշտիանուն այդ նոթերը սկսել է գրել գործարանի թատերական խմբակի համար, երբ բանվորները խնդրել են իրենց կյանքի մասին որևէ բան գրել…
Սոֆի Գուայետի «Դեռ մութ, դեռ լույս» ֆիլմն արժանացել է Ռոտերդամի կինոփառատոնի մրցանակին: Իսկ ինչի մասին է այն. ամերիկյան մայրցամաքից մինչև Ասիա՝ տարբեր սերունդներ ու մշակույթ ներկայացնող երեք հերոսներն իրենց կյանքի շրջադարձային փուլում են: Նրանց փնտրտուքի բանալին նրանց երազներում է թաքնված…
Սոֆի Գուայետը գրող է եւ ռեժիսոր: Հեղինակել է հինգ կարճամետրաժ և մեկ խաղարկային լիամետրաժ ֆիլմ, որոնք մրցանակներ են ստացել Սանդենս, Լոկառնոյի, Ռոտերդամի և Թորոնթոյի միջազգային կինոփառատոներում: Նրա «Դեռ մութ, դեռ լույսը» որակվել է որպես ֆիլմ` երազողների մասին, երազողների, որոնք նաեւ գործում են, անգամ եթե չգիտեն, թե ինչու:
Սանալ Կումար Սասիդհարանի «Ցանկալի Դուրգան» ֆիլմը Ռոտերդամի կինոփառատոնի Tiger մրցանակին է արժանացել: Այն պատմում է Հյուսիսային Հնդկաստանից գաղթած Դուրգան և Քաբիր անունով մի երիտասարդ կերալացիների մասին, որոնք փախուստի են դիմում: Նրանք սպասում են փոխադրամիջոցի` երկաթուղային կայարան հասնելու համար: Զենք տեղափոխող երկու գանգստեր իրենց օգնությունն են առաջարկում զույգին…
Սասիդհարանի կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմերը բազմաթիվ մրցանակներ են շահել միջազգային կինոփառատոներում: Ի դեպ, «Ցանկալի Դուրգան» ֆիլմից հետո նա բազմաթիվ սպառնալիքներ էր ստանում հինդուիստ ազդեցիկ հոգեւորականներից մեկի կողմից, որի մասին անգամ գրել է իր ֆեյսբուքյան էջում: Պատճառն այն էր, որ ռեժիսորը համարձակվել էր Դուրգա աստծո անվան կողքին դնել ցանկալի` SEXY բառը, ինչը վիրավորել էր հինդուիստներին: Սանալը պարզաբանել էր, որ Դուրգան միայն աստվածուհու անուն չէ, այդ անունը կրում են բազմաթիվ աղքատ աղջիկներ:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ