Այսօր պարզ են դարձել «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի առաջին փուլը հաղթահարած դաշնակահարների անունները։ Երկրորդ փուլ են անցել 20 դաշնակահարներ, որոնք ներկայացնում են Ֆրանսիան, Լեհաստանը, Չինաստանը, Հարավային Կորեան, Ռուսաստանը, Ղրղզստանը, Վրաստանը, Հայաստանը։ Նրանք հուլիսի 10-ից հանդես կգան մրցույթի երկրորդ փուլում և կպայքարեն մրցանակային տեղերի համար։
Ժյուրիի նախագահ, դաշնակահար, պրոֆեսոր Արմեն Բաբախանյանը նկատում է, որ առաջին փուլի չորս օրերի լսումները շատ հետաքրքիր են անցել. «Կան բավականին լուրջ մակարդակի դաշնակահարներ, որոնք ներկայացնում են տարբեր դպրոցներ։ Ծրագիրը ազատ է, փաստորեն մասնակիցները մինիմենահամերգ են ներկայացնում, որի ընթացքում մենք կարողանում ենք տեսնել նաև, թե ինչպես է երաժիշտը կառուցում համերգային ծրագիրը»։
«Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների «Հնչում է Երևանը» 10-րդ՝ հոբելյանական մրցույթ-փառատոնի «Մենակատարներ» անվանակարգում լավագույնը ճանաչված սաների և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համատեղ համերգը:
Երեկոյի մեկնարկը տրվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի 25 դպրոցների շուրջ 225 պատանիներից կազմված նվագախմբի և երգչախմբի ելույթներով: Այնուհետև լավագույն պատանի մենակատարները հանդես են եկել Երիտասարդական նվագախմբի հետ։
Հիշեցնենք, որ «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնն անցկացվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture) նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Մրցույթ-փառատոնը կայանում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։
«Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոն