ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «հիանալի է անվանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումը, որը տեղի է ունեցել երեկ` G20-ի շրջանակում, հաղորդում է BBC-ն։ Այդպես է նա բնութագրել Պուտինի հետ իր առաջին հանդիպումը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մերի հետ զրույցում։
Հիշեցնենք, Պուտինը և Թրամփը զրուցել են 2 ժամ 15 րոպե։
Հանդիպումից հետո երկու կողմերի ներկայացուցիչներն էլ հայտարարել էին, որ այն ընթացել է բավականին բարյացակամ մթնոլորտում։ Սակայն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը տարբեր կերպ են արտահայտվել հանդիպման մասին։ Լավրովի խոսքով` Թրամփին հանգստացրել են Պուտինի այն խոսքերը, որ Ռուսաստանը ոչ մի հաքերային հարձակում չի գործել ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքում։ Թիլերսոնը նման բան չի ասել։
Հանդիպման ընթացքում Պուտինը և Թրամփը քննարկել են նաև այլ թեմաներ, այդ թվում Սիրիայի հակամարտությունը և Ուկրաինայում տիրող վիճակը։
Պուտինի հետ հանդիպումից մեկ օր առաջ ելույթ ունենալով Լեհաստանում` Թրամփը Ռուսաստանին կոչ էր արել չապակայունացնել իրավիճակը Ուկրաինայում և դադարել աջակցել Սիրիայի և Իրանի վարչակարգերին։
Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ