2017թ. մարտի 18-ին վարչապետ Կարեն Կարապետյանի` Իջեւան նախընտրական այցի ժամանակ հրապարակվեց, որ 2017թ. Տավուշի մարզում կատարվելու է 27 միլիոն դոլարի ներդրում, ստեղծվելու է 900 աշխատատեղ: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին ուղարկած գրավոր հարցման մեջ խնդրել ենք հայտնել, թե ո՞ր ընկերություններում են ստեղծվելու 900 աշխատատեղերը, որտե՞ղ են կատարվելու նշված ներդրումները, մինչ այժմ Տավուշում քանի՞ աշխատատեղ է ստեղծվել, որքա՞ն ներդրումներ կատարվել:
Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ֆելիքս Ափինյանի պատասխանում նշված է. «ՀՀ պետբյուջեի հրատապ ծրագրով իրականացվում են 400մլն. դրամի շինարարական աշխատանքներ, որոնց կմասնակցեն 100 տեղացի շինարար: ՀՀ պետբյուջեի ծրագրով՝ Ոսկեւանի դպրոցի պատուհանների վերատեղադրում, պաշտպանիչ հենապատի կառուցում- 30 մլն. դրամ:
Մեծածավալ աշխատանքներ են իրականացվում մասնավոր ներդրողների կողմից. Դիլիջանի միջազգային դպրոց, «Գետափ» հյուրանոցառեստորանային համալիր:
«Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ն Բերդում հիմնում է կարի արտադրամաս, որտեղ կաշխատի շուրջ 650 մարդ: Ներդրումների ծավալը հասնում է ավելի քան 1մլրդ. դրամ: Մովսեսում հիմնվել է կարի արտադրամաս 25-30 աշխատատեղով:
Աջակցություն Դիլիջանին եւ հարակից բնակավայրերին. «ԻԴԵԱ» հիմնադրամ- շուրջ 656,7մլն. դրամ: ՄԱԿ-ի զարգացման ծրագրով ներկայումս իրականացվում է 5մլն. դոլարի ներդրումային ծրագիր մարզի գյուղական համայնքների զարգացման նպատակով, որտեղ ակնկալվում է ավելի քան 100 նոր աշխատատեղ:
Եվրամիության ֆինանսավորմամբ. Գյուղատնտեսական կոոպերատիվների կարողությունների զարգացում, անասնապահության զարգացում, կաթնամթերքի արտադրություն 823մլն. դրամ (Նոյեմբերյան): Դիլիջան համայնքի լուսավորության համակարգի, աղբահանության, ներհամայնքային տրանսպորտային համակարգերի ձևավորման, դպրոցներում բարձր տեխնոլոգիաների գիտելիքների տարածման և բնապահպանական ծրագիր- 861մլն. դրամ:
Տարբեր միջազգային և տեղական ծրագրերով (Վորլդ Վիժիոն, ՀՕՖ,Օքսֆամ (2016-18թթ 500 000 եվրո), Օքսիջեն, USAID, Կարմիր խաչ, ԻՖԱԴ, ՀՏԶՀ, Ֆրանսիայի հայկական հիմնադրամ), եւ այլ միջոցներով իրականացվում են մեծածավալ աշխատանքներ, որոնք կամփոփվեն տարեվերջին: Մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվում նաև տեղական հասարակական կազմակերպությունների կողմից: Օրինակ՝ Ռազմավարական զարգացման գործակալություն, «Սահման» ՀԿ, «Հայաստանի մանուկների հիմնադրամ», ՄԱԿ-ի համաշխարհային պարենի ծրագիր»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ