Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում Լոռու մարզում կձեւավորվի 10 խոշորացված համայնք

Հուլիս 08,2017 15:02

Նոյեմբերի 5-ին Հայաստանում նախատեսվում է անցկացնել ՏԻՄ ընտրություններ, որի արդյունքում կստեղծվեն 52 խոշորացված համայնքներ: Այս տարի համայնքերի խոշորացում կիրականացվի նաեւ Լոռու մարզում: Տաշիրի, Ստեփանավանի եւ Թումանյանի տարածաշրջանի թվով 61 համայնքներ կմիավորվեն եւ կստեղծվի 10-ը  խոշորացված համայնք՝ Ալավերդի, Ախթալա, Ստեփանավան, Գյուլագարակ, Տաշիր, Լոռի Բերդ, Մեծավան, Շնող, Սարչապետ եւ Օձուն: Սա մարզում իրականացվող համայնքերի խոշորացման 2-րդ փուլն է:

«Այս փուլով լուծում ենք Տաշիրի, Ստեփանավանի եւ Թումանյանի տարածաշրջանի խոշորացման հարցը: Թումանյանի տարածաշրջանում առայժմ 2 համայնք՝ Դսեղը եւ Չկալովը մնում են: Այս համայնքները կդիտարկվեն արդեն Սպիտակի եւ Գուգարքի տարածաշրջանի խոշորացման համատեքստում: Քննարկումներ կլինեն, թե որն է ավելի օպտիմալ տարբերակ, այդ առումով էլ կիրականացնեն»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության, տեղական ինքնակառավարման եւ համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Ժիրայր Ղազարյանը:

Բաժնի պետն ասում է, որ այս ընթացքում իրենք հանդիպել են համայնքի ղեկավարների ու բնակիչների հետ: Ներկայացրել խոշարացման ծրագիրը: Ըստ Ժիրայր Ղազարյանի, մարդիկ թյուր պատկերացում ունեն համայնքների խոշորացման վերաբերյալ: Այդ հանդիպումների ընթացքում մի մասը կողմ է արտահայտվել, մյուս մասը՝ դեմ. «Նույն համայնքում բնակվող բնակիչների մի մասը, ովքեր, որ ավելի իրատես են, եւ ավելի ռեալ են մտածում համայնքի հետագա վիճակը բարելավելու համար, կարծում են, որ խոշորացումը ճիշտ է: Բնակիչների մի խումբ էլ կա, հատկապես համայնքապետարանի աշխատակիցները, համայնքապետերը, վախենում են, որ աշխատանքը կկորցնեն: Նոր ձեւավորվող համայնքը բոլորովին այլ կառուցվածք է ունենալու, այլ խնդիրներ է ունենալու»:

Խոսելով նախորդ տարի Թումանյանի տարածաշրջանում իրականացված խոշորացման մասին, Ժիրայր Ղազարյանն ասում է, որ այդ գործընթացը դրական արդյունք է ունեցել համայնքների զարգացման համար. «Միջազգային կազմակերպությունների ու կառավարության կողմից բավականին աշխատանքներ տարվեցին, նոր կազմավորված համայնքում ստեղծվեցին տարբեր ծառայություններ, որոնք նախկինում չէին մատուցվում: Օրինակ, համայնքը բավականին տեխնիկա ստացով, որը հնարավորություն կտա համայնքում աղբահանություն իրականացնել: Նախկինում միայն Թումանյան համայնքում էին իրականացնում, մնացած 6 բնակավայրերում աղբահանություն կարող է տարվա մեջ մեկ անգամ կամ արվեր, կամ ո՛չ: Աղբարկղեր են տեղադրվել: Նաեւ իրենք ստացել են տեխնիկա, որ գոնե տանելի կդարձնեն համայնքի բնակչության տեղաշարժը, իրենց բնակավայրից դուրս: Եվ երկրորդ` կարեւորն այն է, որ նախկինում համայնքային բյուջեն հիմնականում գնում էր աշխատակազմին աշխատավարձ տրամադրելու համար: Անցած տարվա արդյունքներով, խնայված միջոցների հաշվին, մի քանի գյուղերում կատարվեցին ոչ խոշորամասշտաբ, բայց մի շարք աշխատանքներ: Սա նախկինում հնարավոր չէր»:

Ժիրայր Ղազարյանի պնդմամբ` համայնքների ձեւավորումից՝ 1996 թվականից մինչ օրս, համայնքների խոշորացումը եղել է օրախնդիր. «Ես կառավարության գործունեության ծրագրում նայեցի, նախատեսվում է, որ մինչեւ 2019 թվականը ամբողջ հանրապետությունում կիրականացվի համայնքների խոշորացում: Ամենակարեւորը՝ տնտեսել միջոցներ եւ մատուցել նոր ծառայություններ կամ դրանց որակը բարձրացնել: Խոշորացման արդյունքում մենք դա ենք ուզում տեսնել»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31