Այս օրերին Սերժ Թանկյանը Ռուսաստանում է` Park Live փառատոնի շրջանակում: lenta.ru-ի տեղեկացմամբ System Of A Down-ի մենակատարը նաեւ «Մոսֆիլմ» կինոստուդիա է այցելել, որտեղ շարունակվում են «Լեգենդ Կոլովրատի մասին» պատմական ֆենտեզի ֆիլմի նկարահանումները: Թանկյանը ժողովրդական էպոսի վրա հիմնված այդ ֆիլմի երաժշտության հեղինակն է:
Նա խոստովանել է, որ սիրում է ռուս դասական կոմպոզիտորների գործերը, բայց ավելի շատ Վլադիմիր Վիսոցկու արվեստի մեծագույն երկրպագու է: «Ես ցանկանում էի Վիսոցկու երգերի քավըր-տարբերակ ստեղծել, սակայն ինչ-որ բան իմ ուզածով չստացվեց: Ես պաշտում եմ Վիսոցկուն` ռուսական բարդ-արքային: Ինչ վերաբերվում է այդ պատմական ֆիլմին, դրա երաժշտությունը գրելու համար ռուսական շատ երգեր եմ լսել` ընդհանուր էմոցիոնալ պեյզաժը, ներդաշնակությունը եւ անցումները պատկերացնելու համար»,- ասել է ռոք երգիչը:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ