«Դժվարանում եմ ողջունել այդ հանդիպումը, բայց չի կարելի խզել շփումը: Պարզապես տվյալ դեպքում չեմ տեսնում, թե ինչ փաթեթով է ՀՀ-ն գնում բանակցությունների եւ ինչ փաթեթով է Մինսկի խումբը հանդես գալիս»,-«Բլից Ինֆո» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով հուլիսին ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպմանը, ասաց ՀՀ առաջին օմբուդսման, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:
«Ես խաղի մեջ կմտցնեի Մեծ Բրիտանիային: Ադրբեջանը «Բրիթիշ պետրոլիումի» շահերի տարածքն է: Զարմանալի է, որ մենք չենք աշխատում նման սուբյեկտի հետ»,-կարծիք հայտնեց տիկին Ալավերդյանը:
Նա չի կիսում տեսակետը, թե սահմանին վերջին օրերի լարված իրավիճակը ՌԴ շահից է բխում. «Պետք չէ սլաքը մեկ ուղղությամբ տանել: Մենք եթե ոչինչ չանենք, այս վիճակն է լինելու, ունենալու ենք զոհված եւ վիրավորված զինվորներ»:
Բանախոսն ընդգծեց, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ իրականացրեց հուլիսի 4-ին՝ ԱՄՆ անկախության օրը, ինչը պատահական չէ. «Դա խուժանի ձեռագիր է, որն ասում է՝ ինձ համար ոչ մի բան նշանակություն չունի… Դա տեղի ունեցավ ի նշան անհարգալից վերաբերմունքի ամենահզոր ԱՄՆ-ի հանդեպ: Ադրբեջանի ցանկացած սադրանքների օրերը պատահական չեն»:
Մանրամասն՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ