«Խոջալուի դեպքերից առաջ Ադրբեջանն այդ մասին տեղեկատվություն է տարածել՝ 1992թ.-ին: Գործողությունը չսկսած՝ ռադիոյով նման լուր ստացանք: Հիմա համոզված եմ, որ սա սադրանք է եւ պատրաստված սցենար: Օտարերկրացի լրագրողներից մեկը տեսել է, որ Ալխանլու գյուղի տների արանքում կան հետքեր ծանր հրետանու, որը հեռացվել է մինչեւ լրագրողների գալը: 24 ժամում լրագրողին վտարեցին Ադրբեջանից»,-«Բլից Ինֆո» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով արցախաադրբեջանական սահմանին հակառակորդի ՝ վերջին օրերի նախահարձակ գործողություններին (Ադրբեջանը ռազմական օբյեկտները տեղակայել է սահմանամերձ Ալխանլու գյուղում. հայկական կողմը պատասխանել է, զոհվել են ադրբեջանցի երեխա եւ կին), ասաց ՀՀ առաջին օմբուդսման, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:
«Նախորդ տարվա ապրիլին, երբ զոհվեց 12-ամյա Վաղինակը, մի քանի երեխա էլ վիրավորվեցին, հարցը հասավ Եվրոպական դատարանին: Համոզված եմ, որ այդ լուրը հասել է նաեւ Ադրբեջանին, որտեղ էլ համապատասխան ճիգեր են գործադրվել: Համոզված եմ, որ վերջին դեպքում այդ երկու զոհերն Ադրբեջանի հանցագործ քաղաքականության զոհերն են»,-հավելեց տիկին Ալավերդյանը:
ՀՀ առաջին օմբուդսմանը համոզված է, որ Արցախի հանրապետությունն այս իրավիճակում համաչափ է գործում. «ՀՀ եւ Արցախի իշխանությունները որոշակիորեն պետք է գործեն այնպես, ինչպես գործում են պատերազմական իրավիճակում, որպեսզի հանրությունը խուճապի չմատնվի: Պետք է հստակեցնել, որ այս ձեռագիրն է որդեգրել Ադրբեջանը: Հայկական կողմը վերջապես պետք է նաեւ դիմի Մինսկի խմբին՝ Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու նպատակով: Ալխանլուում տեղակայված ադրբեջանական հրետանին վտանգում է նաեւ հայկական կողմի սահմանամերձ բնակչությանը. կարելի է իրավական գործընթաց սկսել՝ դիմելով ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողով»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ