Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարանը Վարչական իրավախախտման մասին ՀՀ օրենսգրքի համաձայն՝ տարիներ շարունակ զբաղվել է չսահմանված վայրերում աղբ թափելը վերացնելով: «Կոմունալ բաժնում տեսուչ կա, որն զբաղվում է այդ աշխատանքներով, դրա համար պատասխանատու է: Նրա կողմից կազմված արձանագրությունը ներկայացվում է քաղաքապետարան, որի համաձայն վարչաիրավական բաժինը սկսում է իրականացնել վարչական վարույթ, որի արդյունքում քաղաքացու կամ տնտեսավարողի կողմից ոչ սահմանված տեղում թափած շինարարական կամ կենցաղային աղբի փաստը հիմնավորվելուց հետո ենթարկվում են տույժի»,- ասաց քաղաքապետը:
Աշոտ Հայրապետյանի խոսքով՝ հիմնավորելը դժվար է, քանի որ գործող օրենքով արձանագրությունը պետք է կազմված լինի տեսուչից բացի, եւս երկու վկայի օգնությամբ: Հայտնի է՞, թե աղբի տեսուչները, որոնք լինելու են առաջիկայում, կոնկրետ ի՞նչ գործառույթներ են ունենալու, առանձին ստորաբաժանո՞ւմ է ստեղծվելու, նա պատասխանեց. «Դա չգիտեմ, բայց մեր դեպքում արդեն ասացի, որ նրանք կոմունալ բաժնի հաստիքային աշխատողներն են, բայց շրջայց կազմակերպելու դեպքում քաղաքապետարանում գործում է մշտական հանձնաժողով, որը պատասխանատու է փողոցային առեւտրի, թափառող կենդանիների, առանց իրավական հիմքերի կառուցապատման, ինչպես նաեւ կենցաղային ու շինարարական աղբի չսահմանված տեղերում թափելու հարցերի համար: Շրջայցերի միջոցով բացահայտվում են նման դեպքերը»:
Քաղաքապետը նշեց նաեւ, որ Կապանում նոր ցուցանակներ տեղադրվել են, բայց նախկինում էլ կար: «Նախկինում քիչ վայրերում ունեինք, բայց եւս 12 վայրում ավելացրինք: Իհարկե, անհրաժեշտություն կլինի կրկին ավելացնելու: Համենայնդեպս՝ չսահմանված տեղերում կուտակված աղբից փորձում ենք ազատվել, որոշ մասով դրանք հաջողվել են, բայց շարունակական բնույթ են կրելու, որովհետեւ 10-ամյակների ձեւավորված վատ ավանդույթների շնորհիվ դուք էլ գիտեք, թե ինչ է տեղի ունեցել»,- եզրափակեց Աշոտ Հայրապետյանը:
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի մամուլի խոսնակ Կարինե Մանգասարյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ նախարար Դավիթ Լոքյանն ասել է, որ օրենսդրական փոփոխություն պետք է տեղի ունենա:
Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 43.1 հոդվածը սահմանում է, թե որքան տուգանք է նախատեսված չսահմանված վայրում աղբ թափելու համար: Նվազագույնը 20 հազարն է, իսկ առավելագույնը 200 հազար դրամը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում