ՀՀ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը մեր խնդրանքով մանրամասնեց, թե ջերմաստիճանի կտրուկ տատանումներն ինչպես կարող են անդրադառնալ մարդու օրգանիզմի վրա: Նա ասաց, որ հաճախակի փոփոխությունները հյուծում են հարմարվողական մեխանիզմները:
Սրտաբանը նախ նշեց, որ մարդու օրգանիզմի վրա առավել բացասական ազդեցություն է ունենում բարձր ջերմային ֆոնը:
«Անբնական բարձր ջերմային միջավայրում օրգանիզմի հարմարվողական մեխանիզմները խանգարվում են: Առաջին հերթին մեծ քանակով ջրի եւ աղերի կորուստ է լինում, որը բերում է զարկերակային ճնշման անկման, առիթմիաների առաջացման, արյան մակարդելիության բարձրացման եւ ինֆարկտների ու ինսուլտների հավանականության մեծացման: Երբ ջերմաստիճանը դրսում բարձրանում է, օրգանիզմն իր հարմարվողական մեխանիզմները լարում է, որ կարողանա հարմարվել»,- ասաց Համլետ Հայրապետյանը:
Իսկ երբ ջերմաստիճանի կտրուկ անկում է լինում, օրգանիզմի հարմարվելու մեխանիզմները, որոնք գործում են, հնարավոր է խաթարվեն:
«Եվ օրգանիզմում կարող են տեղի ունենալ նույնպիսի կտրուկ փոփոխություններ, ինչ որ բարձր ջերմաստիճանի դեպքում: Զարկերակային ճնշում, սրտի իշեմիկ հիվանդություն, սրտի առիթմիաներ ունեցողների մոտ կարող են լինել սրացումներ: Իհարկե, ջերմաստիճանի կտրուկ փոփոխության հաճախակի կրկնությունները` շաբաթվա մեջ մի քանի անգամ կամ մեկ-երկու օրը մեկ, բերում են օրգանիզմի ադապտացիոն մեխանիզմների հյուծմանը»,- շարունակեց մեր զրուցակիցը:
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում