Մայթերը մաքրող տեխնիկա Երեւանն էլ ունի, սակայն հազվադեպ կարելի է տեսնել դրանք օգտագործելիս: Թե երբ, ում բակերի մաքրության համար են այդ տեխնիկաները ծառայում՝ դժվար է ասել, բայց մայրաքաղաքի փողոցներում ստեղծվում են այնպիսի իրավիճակներ, երբ տեխնիկայի միջամտությունն անխուսափելի է: Հայաստանի թատերական գործիչների միության դիմացի մայթով անցնել հնարավոր չէ. քայլելիս քաղաքացիները քթները բռնած են անցնում, կոշիկները սոսնձի պես գետնին են կպչում: Թթի սեզոնը վաղուց վերջացել է, բայց այս մրգի թողած հետեւանքները մնացել են` որքան էլ որ այս ընթացքում անձրեւներ են եղել: Մաշտոցի պողոտայի մայթի այդքան հատվածը ոտքերի տակ ճզմված թթից, կեղտ ու փոշուց սեւացել է, միջատների ու որդերի մասին՝ էլ չասած:
21-րդ դարում կենտրոնական այս փողոցի մայթի մաքրությունը միայն ավելով է սահմանափակվում, մինչդեռ այն նյութերի միջոցով լվացման կարիք ունի:
Ջրցան մեքենաներն էլ կարող են այսպիսի հատվածներում կիրառվել, պարզապես դրանք մեր երկրում լրիվ այլ նպատակներով են օգտագործվում:
Լուսանկարը` ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ
«Առավոտ»
07.07.2017