Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդավարությունն ընդդեմ ժողովրդավարության

Հուլիս 08,2017 16:30
merujan Ter-Gulanyan

Տարօրինակ է, բայց ամեն ինչ սկսվեց մի պարզ եւ անսպասելի դիպվածից, որն ինձ ստիպեց մտածել ժողովրդավարության եւ նրա հետեւանքների մասին: Եղավ այնպես, որ վերջերս մեկնեցի Փարիզ` իմ մյուս ֆրանսուհի թոռնիկիս տեսնելու (ի դեպ, նա իմ յոթերորդ թոռնիկն է):

Եվ պարզվեց, որ ո՛չ օդակայանում, ոչ էլ ինքնաթիռում ծխել չի կարելի: Եվ որովհետեւ վաղուց Հայաստանից դուրս չէի եկել՝ բացի Ջավախք ու Ղարաբաղ մեկնելուց, ես վիրավորվեցի եւ կարծես թե նման էի մի մարդու, ով կիսավայրենի է ու համառորեն ուզում է անել մի բան, որ ուրիշները հոգու խորքում ուզում են անել, սակայն ցույց չեն տալիս: Իսկ ես ուզում էի շարունակել օրս, ինչպես ապրել էի անցած օրերս:

Ինչեւէ, ես նվաստացած էի օրենքներից, որ հաստատել էին ժողովրդավարները: Եվ մտածում էի, թե ինչպես կարող է միասեռականները ունենան իրավունք, եւ ոչ միայն իրավունք, այլեւ նույնիսկ որդեգրեն ուրիշի երեխան (պատկերացրեք այդ երեխայի վիճակը), իսկ ինչո՞ւ իրավունք չունի ծխողը: Չգիտեմ:

Անշուշտ, ես հարգում եմ չծխողի իրավունքը, բայց ինչո՞ւ ինքը չի հարգում ծխողի իմ իրավունքը: Ու իմ ճամփորդության ընթացքում ստացվեց այնպես, որ հենց մտա ժողովրդավար կոչված օրենքների սահմանը, ես ակամա վերածվեցի օրինազանցի:
Եվ ինչպես հիշատակեցի, ծխել-չծխելու մասին այս առօրեական դիպվածը ինձ հրահրեց մտածելու ժողովրդավարության մասին ընդհանրապես, դեպի ուր մենք, այսինքն՝ իմ երկիրը, գնում ենք՝ գլխապտույտ արագությամբ, խոսքի արմունկներով հրմշտելով իրար…
Այնինչ ժողովրդավարությունը (դեմոկրատիան), եթե հիշում եք, կործանեց Հունաստանը, ժողովրդավարությունը կործանեց Հռոմեական կայսրությունը, պրոլետարիատի իշխանությունը կործանեց նաեւ Խորհրդային միությունը, ինչպես նաեւ այսօր խորապես ծերանում է ժողովրդավար Եվրոպան…

Ուրեմն ի՞նչ. ես չեմ ուզում սխալ հասկացվել, ես ժողովրդավարության կողմնակիցն եմ, բայց ոչ քառատրոփ վազքով… Հիշեք Դանիել Դեֆոյի հայտնի հերոսին, ով մարդու իրավունք ու խղճի ազատություն էր քարոզում` լինելով օտարների երկրում, բայց ինքը նրանց լեզուն չսովորեց, այլ Ուրբաթին իր լեզուն սովորեցրեց:

Իսկ մեր պատմիչները դեռեւս հազար հինգ հարյուր տարի առաջ գրում էին մարդու եւ խղճի ազատության մասին, սակայն այդ բանը մենք մոռացել ենք, քանզի դադարել ենք բնագրեր կարդալ…

Եվ վերջապես, ժողովրդավարության ամենաբարձր օրինակը ցույց տվեց ինքը՝ Աստված, երբ իր միածին Որդուն հանձնեց ժողովրդի ձեռքը, ասաց` ընտրեք, դուք ընտրեք… երբ Աստված սիրում էր ժողովրդին, առավել եւս` իր Որդուն: Բայց ո՞ւմ ընտրեց ժողովուրդը` մարդասպանին ու սատանային:

Այսինքն թե` օրենքով յուրաքանչյուր ազատություն դառնում է իշխանության գործիք, այդ թվում նաեւ՝ ժողովրդավարությունը:

Մտածում էի նաեւ, որ ամեն պատահական քար չի կարելի տաշել, որովհետեւ կարող է տաճարի քար չդառնալ ու մնալ գետնին…

Ինքնաթիռում, ուր ծխել չէր կարելի, ես միայնակ այսպես մտածում էի…

 

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ»

07.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. ասում են մի մոծակ կծում ա մի փղի:էս փիղը պոչը թափ ա տալիս,որ մոծակը հեռանա,ու մոծակն ասումա,- Ցավա՞ց,նանար…

  2. է՛հ,էն ջարդոց հոդվածը հանեցիք,էս«նիշմարը»թողեցիք՝ Մերուժանը պիտի հասկանա՞,որ սա իրեն էր վերաբերվում…:Լավ չեք անում «Առավոտ»…հրեական քայլ էր…

    • Պրն Ասլանյան, ինչ որակում էլ տաք՝ մենք չենք հրապարակելու որեւէ մեկնաբանություն, որը հակասում է մեր կայքում մեկնաբանություններ հրապարակելու կանոններին: Մենք չենք հրապարակում անձնական վիրավորանքներ: Շարադրեք Ձեր տեսակետը առանց վիրավորանքի, եւ սիրով այն կհրապարակենք:

  3. Ավո says:

    Պետք էր Ֆրանսիայից ետ բերել ձեր հարազատներին։ Այնտեղ միասնականներ են և ծխել չի կարելի որտեղ ցանկանում ես, պատկերացնում ե՞ք ինչ է սպասվում ձեր ծոռներին։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31