Իսկ հայերը ԵԱՀԿ բոլոր պատվիրակների էլեկտրոնային հասցեներին սահմանին կատարվածի վերաբերյալ տեղեկատվություն են ուղարկել
Մինսկում ընթացող Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) 26-րդ տարեկան նստաշրջանի աշխատանքների երկրորդ օրը` հուլիսի 6-ին, ադրբեջանցիները կրկին շարունակել են շահարկել սահմանային վերջին սրացումները:
ԵԱՀԿ ԽՎ Քաղաքական հանձնաժողովի նիստին նրանք ԵԱՀԿ հարթակը կրկին օգտագործել են սահմանին կատարվածը ներկայացնելու սեփական երկրին շահավետ տեսանկյունից: «Առավոտի» տեղեկություններով` ադրբեջանցիները երեք ելույթ են ունեցել, կրկին քննադատել են ԵԱՀԿ Մինսկի խմբին, թե արդեն տարիներ շարունակ բանակցային գործընթացում առաջընթաց չի գրանցվել:
«Առավոտի» հետ զրույցում ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը հաստատեց, որ ադրբեջանցիներն այսօր կրկին շարունակել են իրենց ելույթները, սակայն, ըստ էության, դրանք եղել են երեկվա ելույթների խուլ արձագանքը. «Ավելի շատ կոչեր կամ դիմումներ կային, որ հակամարտության լուծման ակտիվ ջանքեր են անհրաժեշտ: Ազայ Գուլիեւի ու Բահար Մուրադովայի ելույթներում առանձնապես շեշտադրումներ չկային. նույն թեման էր, որ հակամարտության լուծման նկատմամբ միջնորդական ջանքերը պետք է բազմապատկվեն ու ակտիվ լինեն»:
Մեր այն հարցին` կրկին սպանված երեխայի նկա՞րն էին շահարկում, տիկին Նաղդալյանը պատասխանեց, որ այսօր ավելի հանգիստ են եղել. «Դրա համար եմ ասում, որ երեկվա ելույթների խուլ արձագանքն էր: Երեկվա` նկարներով ակցիայով մեկնարկից հետո իրենք իսկապես պատասխան ստացան»:
Տիկին Նաղդալյանը տեղեկացրեց, որ այսօր հայկական պատվիրակության անդամները ԵԱՀԿ պատվիրակներին են բաժանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` մայիսի 18-ի, հունիսի 19-ի հայտարարությունները, որտեղ նույնպես նշված էր, որ Ադրբեջանն է նախաձեռնող, բաժանել են նաեւ Արցախի ՊՆ-ի մեկնաբանությունը սահմանային վերջին սրացումների վերաբերյալ: Հերմինե Նաղդալյանի փոխանցմամբ` թեմայի վերաբերյալ նաեւ այլ նյութերի ներառմամբ տեղեկատվական փաթեթներ են ուղարկվել ԵԱՀԿ բոլոր պատվիրակների էլեկտրոնային հասցեներին. «Ստացվեց այնպես, որ իրենց միակողմանի, սոլո հայտարարությունը, որ կարծում էին, թե միայն իրենցով է տեղեկատվական դաշտը ԵԱՀԿ-ում լցվում, այդպես էլ չստացվեց»:
Մեր այն հիշեցմանը, թե պատվիրակության հասցեին քննադատություն հնչեց, որ ի տարբերություն Ադրբեջանի, որը սահմանային լարման օրվա ընթացքում առնվազն երկու միջազգային հարթակ է օգտագործել, հայերը միայն պատասխանողի դերում են եղել, տիկին Նաղդալյանն արձագանքեց` չգիտի` ինչ քննադատություն է հնչել, բայց կարող է ասել, որ դա անհիմն է: Այնուհետեւ որպես հակափաստարկ ներկայացրեց այն, որ ԵԱՀԿ-ում իրենք այս օրերին օգտագործել են ե՛ւ բանավոր ելույթների, ե՛ւ առանձին շփումների ու հանդիպումների մեթոդները: Երեկ ողջ օրը հանդիպումների մեջ են եղել, գրավոր փաստաթղթերի տրամադրման բավական մեծ աշխատանք են արել, որ եվրոպացի պատվիրակները համալիր տեղեկատվություն ստանան կատարվածի մասին:
Հերմինե Նաղդալյանը վստահեցրեց, թե սահմանին կատարվածը ներկայացրել են ժամերով, օրերով, նաեւ այն մասին, թե որ քայլն ինչի պատասխանն է, ով է նախաձեռնել: Հետաքրքրվեցինք` ապրիլին 11-ամյա պատանու կորստի փաստը ներկայացրե՞լ են, տիկին Նաղդալյանը հավաստիացրեց. «Խալաֆյան ընտանիքը, Վաղինակ Գրիգորյանը` ապրիլին սպանված 11-ամյա պատանին, ապրիլյան պատերազմը, 92 տարեկան ծերունին, որին խոշտանգումների են ադրբեջանցիները ենթարկել: Այս ամենն այսօր շատ մանրամանս հնչեցվել է, եւ եկել ենք այն եզրահանգման, որ Ադրբեջանը չի թաքցնում իր մտադրությունները շփման գծում լարվածությունը պահպանելու եւ ուժի կիրառման վերաբերյալ: Ու ոչ թե պետք է կոչեր անեն Մինսկի խմբի մասին, այլ հստակ կատարեն այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել. առաջին հերթին սահմանին մշտադիտարկման համակարգերի տեղադրումն է, որից Ադրբեջանի հրաժարումը պարզորեն ցույց է տալիս, թե որն է նրա նպատակը»:
Դառնալով ԵԱՀԿ-ի աշխատանքներին` տիկին Նաղդալյանը տեղեկացրեց, որ վեհաժողովը երեկվա լիագումար նիստում քննարկել է միգրացիայի վերաբերյալ զեկույց, իսկ քաղաքական հարցերի, տնտեսական, մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովներում քննարկվել են ԵԱՀԿ-ի տարեկան բանաձեւերը: Տիկին Նաղդալյանի գնահատմամբ` թեեւ հայկական պատվիրակությունը «սկսնակ է», բայց ակտիվ աշխատում են. «Իրավական հանձնաժողովում Տիգրան Ուրիխանյանը ներկայացրել է Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ հայկական արձագանքը, Արարատ Միրզոյանը հանդես է եկել Տնտեսական հարցերի հանձնաժողովում, իսկ ես՝ քաղաքական հարցերի հանձնաժողովում»:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ»
07.07.2017