Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը երեկ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում չհամաձայնեց դիտարկմանը, թե մարդիկ Հայաստանից հեռանում են անարդարության պատճառով: Ըստ նրա՝ «Մարդիկ գնում են բոլոր երկրներից: Գնում են ավելի լավ ապրուստի տեղ»:
Այս տարվա մայիսի 18-ին վեցերորդ գումարման ԱԺ առաջին նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր. «Անարդարությունը ցանկացած պետության համար չարիք է, հիվանդություն, որը հյուծում ու թուլացնում է պետությունը, որը վերացնում է ապագայի նկատմամբ հավատը, թուլացնում է պետության նկատմամբ սերը, պետությունից վանում է իր հազարավոր զավակներին: Ուստի մենք այսօր, առավել քան երբեւէ, պայքարի մեկ այլ ճակատ ունենք, որտեղ հաղթանակը ոչ պակաս կարեւոր է: Մենք այսօր պատերազմի նոր փուլ ենք հայտարարում անարդարությանը: Դիմում եմ բոլորին. մեզնից յուրաքանչյուրը ինչպես որ պայքարել ու պայքարում է մեր հայրենիքի անկախության, նրա սահմանների անվտանգության համար, նույնպիսի նվիրվածությամբ ու ջանասիրությամբ պիտի պայքարի արդարության համար»:
Իսկ 2016 թվականի նոյեմբերի 26-ի ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանն ասել է. «Բոլորը պետք է ընդունեն, որ ցանկացած հանրային խոսք լուրջ նախապատրաստում եւ տնային աշխատանք է պահանջում»:
Նախագահին հրապարակավ հակադրվելը նշանակում է, որ Արթուր Ջավադյանը տնային աշխատանքը չի կատարել:
Ն. Գ.
«Առավոտ»
07.07.2017