Կին փաստաբանը բողոք է բերել, պահանջում է
բեկանել մարզի դատարանի դատավճիռը, արդարացնել իր պաշտպանյալին
Մարզերից մեկում հարուցվել էր քրեական գործ՝ բռնաբարության հատկանիշներով:
Բռնաբարվողը 63-ամյա կին է, կովապահ: Գործը դեռ դատարաններում է: Բռնաբարության մեջ մեղադրվողը տուժողից տասներկու տարով փոքր է: Ըստ մեղադրական եզրակացության, տղամարդն առանց զգուշացման մտել էր հարեւան բնակչուհու առանձնատուն, ալյուրի դատարկ պարկը մտցրել էր զոհի գլուխը, եւ նրան բռնությամբ տարել էր ննջասենյակ: Նա կնոջն առաջարկել էր սեռական հարաբերություն ունենալ իր հետ: Սակայն կինը մերժել էր, ինչից հետո տղամարդը կնոջ կամքին հակառակ՝ «բռնության գործադրմամբ», սեռական հարաբերություն էր ունեցել նրա հետ: Այդ ժամանակ լսվել են ոտնաձայներ:
Տղամարդը թաքնվել է մանկական մահճակալի ետեւում: Ննջասենյակ էր մտել տուժողի դուստրը, որը տեսել էր տղամարդուն, հարցրել, թե ով է նա: Տղամարդը հեռացել էր:
Կինն ասել էր, թե իրեն բռնաբարողը բեղեր ուներ: Դատարանում ամբաստանյալը հայտնել էր, թե «վերջին ժամանակներում ընդհանրապես բեղեր չի ունեցել»: Իսկ կինը պնդել էր, ասելով, թե տղամարդը բեղերը սափրել է, որ առերեսման ժամանակ նրան չճանաչի: Ամբաստանվողը հայտնել էր, թե տուժողի տուն երբեք չի գնացել. «նույնիսկ չգիտի, թե որտեղից է նրանց դուռը բացվում կամ քանի սենյակ ունի տունը»:
Տուժողը ցուցմունք էր տվել, որ ամբաստանյալին առաջին անգամ տեսել է դեպքի օրը՝ իր ննջասենյակում:
Կինը հայտնել էր, թե իրեն բռնաբարողը զինվորական հագուստով է եղել, զգացել է, որ նա խմած է եղել: Տուժողը հայտնել էր, թե նա օգնություն է կանչել, սակայն որեւէ մեկը չի լսել. «Աղջիկս, երբ բացեց ննջասենյակի դուռը, ներս մտավ, տեսավ էս մարդուն, հարցնելով, թե ինչ գործ ունես այդտեղ: Նա ծպտուն չհանեց, առաջ եկավ, հարվածեց աղջկաս գլխին եւ դուրս թռավ սենյակից»:
Աղջիկն անմիջապես զանգել է գյուղապետին, տեղեկացրել, որ իրենց տուն մարդ էր մտել: Առավոտյան գնացել են ոստիկանի մոտ:
Տուժողը նախաքննության ժամանակ էլ հայտնել էր, թե աղջիկն այդ ժամանակ գտնվել է բակում, լվացք է փռել պարանին: Ի դեպ, կինը ցուցմունք էր տվել, որ երբ պարկն իր գլխին է գցել անծանոթը, այդ ժամանակ նա գումար է առաջարկել իրեն՝ սեռական հարաբերություն ունենալու համար, կինն էլ պատասխանել էր՝ «այդ հարամ փողն իրեն պետք չէ»:
Ննջասենյակ մտած դուստրն ավելի համարձակ է գտնվել, ըստ գործի նյութերի, նա անգամ «այդ մարդու գլխից քաշել է», որից հետո բեղավորը փախել է:
Վկա դուստրը հարցին՝ մոր օգնության ձայները չե՞ն լսվել, երբ լվացք էր փռում, հայտնել էր. «Իրենց լվացք փռելու տեղը բավականին հեռու է, եւ տան երկրորդ հարկի ձայները չեն լսվում: Լվացքը փռելուց հետո ավանակին կերակրել է եւ գնացել տուն: Աստիճանները բարձրանալու ժամանակ լսել է մոր ձայնը: Ձայնը լսվել է իր եղբոր սենյակի կողմից: Այդ սենյակի դուռը մի փոքր դժվարությամբ է բացվում, բայց ինքն, այնուամենայնիվ, բացել է դուռը եւ միջանցքի էլեկտրական լույսի տակ տեսել, որ այդ ննջասենյակում՝ եղբոր երեխայի օրորոցի հետեւում ինչ-որ մարդ կա: Այդ մարդը բեղեր է ունեցել, հագին զինվորական հագուստ է եղել»: Ինքը վախեցել է, երբ տեսել է մոր դեմքի վնասվածքները:
Դատարան ներկայացած համայնքապետը բնութագրել է տուժողին՝ «որպես նորմալ, աշխատող բնակչի»:
Դատարան ներկայացած վկաներից մեկը դեպքի մասին չգիտեր, սակայն ամբաստանյալին ճանաչում էր եւ՝ «կարող է բնութագրել որպես լավ մասնագետի: Նա հաճախ է անշահախնդիր վերանորոգել իրենց տեխնիկան, իրենք էլ միասին սեղան են նստել եւ հաց կերել»:
Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության, տուժողի մարմնական վնասվածքը՝ «քթի, մեջքի, աջ եւ ձախ այտոսկրերի շրջանների քերծվածքների ձեւով», հասցված են բութ, կոշտ առարկայով, հնարավոր է՝ նշված ժամկետում, հնարավոր է՝ նաեւ տուժողի կողմից նշված հանգամանքներում եւ բոլոր վնասվածքներն առանձին-առանձին վերցրած առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չեն պարունակում: Տուժողի արտաքին սեռական օրգանների, ազդրերի ներսային երեսների շրջաններում մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել…սակայն չի բացառվում, որ տեղի ունեցած լինի սեռական հարաբերություն:
Փորձաքննության տարված հագուստների վրա, անգամ ալյուրի պարկի վրա մազանման թելիկներ չեն հայտնաբերվել:
Համայնքի ղեկավարի կողմից տրված բնութագրի համաձայն՝ ամբաստանյալին «Շրջապատում ճանաչում են որպես աշխատասեր, հանգիստ բնավորությամբ մարդու»:
Դատարանն ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս, որպես պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանքներ, հաշվի առավ այն, որ նա նախկինում ոչնչով արատավորված չէ, բնութագրվում է դրականորեն, խնամքին ունի մեկ անձ:
Քննության առնելով ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցը` դատարանը նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, թողել է անփոփոխ, մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Տուժողի ներքնազգեստը, մայկան, ալյուրի դատարկ պարկը, ամբաստանյալի տաբատը եւ կոշիկները դատարանը հանձնեց կողմերի տնօրինմանը:
Ամբաստանյալը դատապարտվել է ազատազրկման 3 տարի ժամկետով եւ տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի՝ 50.000 դրամի չափով:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
07.07.2017