Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Դեմոյան. «Հայոց պատմությունը խուժանավարի է գրվել»

Հուլիս 07,2017 20:15

Հանրային խորհրդի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ հուլիսի 6-ի նիստում Խորհրդի անդամները լսել են ՀԽ անդամ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հակիրճ հաղորդագրությունը վերջերս հրատարակված «Հայոց Պատմություն» բազմահատորյակի վերաբերյալ, որտեղ, ըստ Դեմոյանի, մեր պատմությունը ներկայացվում է ոչ շահեկան դիրքերից:

Aravot.am-ը պարոն Դեմոյանից հետաքրքրվեց` հատկապես ի՞նչ նկատի ուներ ինքը Հանրային խորհրդի նիստում հարցը բարձրացնելիս, ի՞նչն էր վիճարկելի:

«Մի ամբողջ գրախոսական ենք թանգարանով գրել երկու հատորների վերաբերյալ, այսինքն` անտիկ շրջանի մասին մենք չենք գրի, անդրադարձել ենք 19-20-րդ դարերին` մինչեղեռնյան շրջան, բուն ընթացք եւ հետո, մի փոքր էլ չդիմացա 4-րդ հատորին անդրադարձա, որովհետեւ Հայոց պատմությունը խուժանավարի է գրվել»:

Ինչ վերաբերում է Դեմոյանի մեղադրանքների հասցեատեր ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի պատասխանին, Հայկ Դեմոյանը դա խուլիգանություն է որակում:

Aravot.am-ի դիտարկմանը` մտավախություն չունի՞, որ հարցը կքննարկվի իրենց միջանձնային վատ հարաբերությունների համատեքստում, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը պատասխանեց. «Փորձեցին դա անել, նույնիսկ ջավախահայերը նամակ գրեցին, որ պետք է ներողություն խնդրեմ, որովհետեւ իրենց տղային նեղացրել եմ, եւ չգիտես ինչու էին նամակում խոսում Ջավախքի սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի մասին, կարծես ես եմ մեղավոր»:

Նա անդրադարձավ նաեւ հարցը քննարկելու համար ստեղծված հանձնաժողովին. «Հանձնաժողովը ստեղծվել է բրեժնեւյան պանծալի ժամանակաշրջանի մեթոդներով, հարցը պետք է քննարկեր գիտպետկոմը, բայց փոխանակ քննարկեն բուն հատորի մեջ եղած հակագիտականությունը, ընդ որում միայն տեխնիկական խոտանը բավական էր, որ դա տանեին այրեին աղբանոցում, բերեցին մեր գրախոսությունը քննարկեցին, ներառեցին մարդկանց, որոնք համահեղինակներ էին: Համահեղինակներին մտցրին հանձնաժողովի մեջ, իրենք տվեցին դրական եզրակացություն: Հիմա ես Հանրային խորհուրդ եմ մտցրել հարցը` շատ պարզ պատճառով: Մարդկանց թվում է, որ ես խոսեցի, բարձրաձայնեցի, նամակ գրեցի ու կլռեն… Մինչդեռ ես  սկզբունքային մարդ եմ ու գնալու եմ մինչեւ վերջ: Մենք չպետք է ոչնչացնենք անցյալը, մշակույթը, ժառանգությունը եւ հիշողությունը, անցյալն ուղղակի բռնաբարված է այդ հատորներում…»:

Հայկ Դեմոյանին հիշեցրինք, որ այս տարվա մարտի 16-ին, երբ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում ընթանում էր հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքների տարեկան ընդհանուր ժողովը, ինքը հեռացավ դահլիճից, մինչդեռ կարող էր հակադրվել Աշոտ Մելքոնյանի`այնտեղ բերած փաստարկներին: «Ես գնացել էի, որ ինձ ձայն տային, ոչ թե ես ձայն խնդրեի, որովհետեւ բարձրացրել էի կարեւոր գիտական հարց, սակայն տեսա, որ օրակարգում բազմահատորյակների հարցը չկա: Ընդ որում` ժողովն անցնում էր պատմության ինստիտուտի տարածքում, եւ ամբողջ դահլիճում պատմության ինստիտուտի անձնակազմն էր… Եվ այս պարագայում, եթե Դեմոյանը բարձրանար, պետք է տհաճ կոնֆլիկտային իրավիճակ ստեղծվեր, իսկ ես այդ տհաճ իրավիճակը չուզեցի ստեղծել շատ պարզ պատճառով` խնդիրը ինձ համար ակադեմիական դաշտում է, ոչ թե ֆիզիկական, ֆինանսավարկային կամ կրիմինալ»,-հայտնեց մեր զրուցակիցը:

Նա շարունակում է պնդել, որ խնդիրը նաեւ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, սակայն որեւէ մեկը հետաքննություն չի իրականացնում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայկ Դեմոյան. Երբ Ցեղասպանությանը նվիրված իմ«Սիփանա քաջեր» ստեղծագործությանս համար ինձ հալածելու պատճառով(10 ՏԱՐԻ…) դիմեցի քո օգնությանը՝ գրեցիր սառույցին…Ես իմին հասա,իսկ դու հիմա փնտրիր,թե ովքԵր են սխալ պատմություններ գրում:Ու երբ կգտնես ճիշտ պատմություն գրողին,չմոռանաս,քո մասին էլ գրեԼ տաս……

  2. Սամվել Պետրոսյան says:

    Հարգելի լրագրող, Ձեր այս հոդվածն ինձ հիշեցրեց մի ռեստորնային երգչի քննադատությունը կլասիկ երաժիշտների հասցեին․ իբր նրանք շնորհք չունեն, կլկլացնել չգիտեն և ընդհանրապես կարող են երգել կամ նվագել միայն նոտաներով։ Ախր չի կարելի այդ մարդկանց համեմատել․ հենց թեկուզ օգտագործվող բառապաշարի պատճառով։ Էլ չեմ ասում, որ գիտոական աշխարում բոլորվին տարբեր քաշային կարգում են։ Աշոտ Մելքոնյանին քննադատելով Դեմոյանը փորձում է արդարասնել իր գոյությունը գիտութըան մեջ։ Նման հոդվածներ տպագրելը, Հերոստրատի ջրաղացին ջուր լցնելն է։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31