Հուլիսի 7-ին Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանն այցելեց Հանոյի համալսարան, որտեղ հանդիպում ունեցավ համալսարանի նախագահ, դոկտոր-պրոֆեսոր Նգույեն Դին Լուանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթության բնագավառում հայ-վիետնամական համագործակցության զարգացման հեռանկարները, երկու երկրների լեզուների ուսուցման համատեղ ծրագրեր կազմակերպելու հնարավորությունը:
Դեսպան Վարդանյանը առաջարկեց Երևանի պետական համալսարանի և Հանոյի համալսարանի միջև ստորագրել համագործակցության փաստաթուղթ՝ երկու համալսարաններում փոխադարձաբար հայերեն և վիետնամերեն լեզուների ուսուցման ամբիոններ հիմնելու, ինչպես նաև կարճատև դասընացներ կազմակերպելու հնարավորությամբ:
Նգույեն Դին Լուանը, նշելով կրթության բնագավառում նախկին տարիներին ունեցած փորձը և ողջունելով նշված ուղղություններով համագործակցության ծրագրերը, տեղեկացրեց, որ իրենք պատրաստակամ են հայաստանյան բուհերի հետ համագործակցություն ծավալել և այդ նպատակով համապատասխան քայլեր ձեռնարկել:
Զրուցակիցները նշեցին նաև, որ առաջիկայում ԵԱՏՄ-Վիետնամ առևտրատնտեսական հարաբերությունների ակնկալվող ակտիվության լույսի ներքո տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցության զարգացման համար անհրաժեշտ կլինեն լեզվին տիրապետող մասնագետներ:
Դեսպան Վարդանյանը Հանոյի համալսարանի նախագահ Նգույեն Դին Լուանին հրավիրեց Հայաստան՝ երկրի մշակույթին և կրթական համակարգին տեղում ծանոթանալու համար:
ՀՀ ԱԳՆ