Երեկ Թել Ավիվ-Երեւան չվերթը մոտ երկու ժամ ուշացումով վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում: Վայրէջքը նախատեսված էր 24- անց 5 րոպեին, սակայն առաջին անգամ հետաձգվեց 45 րոպեով, ապա ավելի ուշ մեկ ու կես ժամով: Այս մասին առցանց տեղեկացնում էին թե’ «Զվարթնոցի» կայք էջը, թե’ օդանավակայանի տեղեկատվական վահանակները: Չվերթին սպասող քաղաքացիների հարցումներին օդանավակայանի տեղեկատուն հստակ տեղեկատվություն չէր տրամադրում` թե չվերթն ինչի պատճառով է ուշանում` հատկապես որ եղանակային պայմանները բարենպաստ էին:
Երբ «Արմենիա» ավիաընկերության Թել Ավիվ-Երեւան ինքնաթիռը վերջապես ժամանեց Հայաստան, օդանավակայանում չվերթին սպասում էին ոստիկաններ:
Aravot.am-ին հասած տեղեկություններով՝ ինքնաթիռի ուշացման պատճառը մի ուղեւոր է եղել, որը սխալմամբ հայտնվել է դեպի Հայաստան եկող ինքնաթիռում: Դեռ Թել Ավիվի օդանավակայանում, երբ նստեցումն ավարտվել է եւ օդանավը պատրաստվել է թռչել, այս խնդիրն առաջացել է, սակայն որքան հաշվել-գումարել են, անուն-ազգանուններ ստուգել են, ամեն բան հստակ է եղել, սակայն արդեն օդում պարզվել է, որ ուղեւորներից մեկը ոչ թե Հայաստան պետք է մեկներ, այլ` մեկ այլ երկիր:
Թե ով էր այդ ուղեւորը, որ երկիր պետք է մեկներ եւ ինչպես է հայտնվել Երեւան եկող ինքնաթիռում, Aravot.am-ի հարցերին «Արմենիա» ավիաընկերությունից խոստացան պատասխանել առաջիկայում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ