Լրահոս
Օրվա լրահոսը

«Նա անգրպան տաբատով էր դուրս գալիս փողոց»

Հուլիս 07,2017 14:30

Ինչպիսի բնութագրեր են ուղարկվում դատարաններ

Դատական վիճաբանությունների փուլում երկու «բնութագիր» է շրջանառվում դատարաններում, մեկը մեղադրողինն է, որն ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանք է համարում մեղադրանքի դրվագներից յուրաքանչյուրը, մեկն էլ պաշտպանական կողմի բնութագրերն են, որոնք խորհրդային տարիներից մինչ օրս ձեւական բնույթ են կրել եւ ձեռք են բերվում ծանոթ-բարեկամներից, ծանոթ պատգամավորներից, համայնքապետերից, ջոկատի հրամանատարներից, մտավորականներից: Նրանք, ովքեր տեր ու թիկունք չունեն, բնութագրեր են ձեռք բերում հարեւանների ստորագրություններով, որոնք հաճախ ունքը դզելու փոխարեն՝ աչքն են հանում:

Հունիսյան ծաղկաքաղը կատարել եմ որոշ քրեական գործերի դատավարությունների ժամանակ: Մարդու տաբատի գրպանից «կոմբինացված սառը զենք» են հանել, «սեւեռվող շեղբով հարվածող, փշրող-ծալովի դանակ, կռփազենք», հարեւանները, որոնք մեկ ամիս առաջ են եկել եւ բնակվում են այդ շենքում, «ծալովի» զենքի հետ կապված բնութագիր էին տվել, թե բա, մեր հարեւանի տաբատների վրա գրպան երբեք չի եղել: Նա անգրպան տաբատով է միշտ փողոց դուրս գալիս:

«Դեզոմորֆին» տեսակի թմրամիջոց էր իրացրել երեք անչափահաս երեխաների հայրը: Թմրամիջոցը, ըստ գործի նյութերի, նա պատուհանագոգի ծաղկամանում էր առոք-փառոք պահել: Հիմա համատիրությունը բնութագիր է տվել, հարազատները բերել են դատարան: Գրված էր. «Նա այդ ծաղկամանները երեխաների համար էր խնամում, սիրուն ծաղիկներ կային պատուհանագոգին, Հայկի երեխաներն ավելի հասուն են, քան հայրը, որ միամիտ է ավելի, քան նրա երեխաները»:

Վարկային կազմակերպություններից մեկն էր մտել մի քաղաքացի, որն առանց թույլտվության մուտք էր գործել ընկերության ներքին հեռախոսային ցանցի հեռախոսազրույցները ձայնագրող սարքի հիշասարք, ու կրիչի վրա ապօրինի հավաքել առեւտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ: Կարծես, որպես հետեւանք, գումարներ են հետագայում հափշտակվել: Բնութագիր են տվել, թե այդ «անձը մանկուց հայրենասեր է, սիրում է իրենց փողոցը, բակը, երբեք ավտոմեքենայի պատուհանից թուղթ ու ծխախոտ չի գցել մայթին»: Ահա եւ վերջ:

Մեկը կալանավորներից իր ծանոթի թզբեհներն է վաճառել, յուրացրել երկու հարյուր դոլար գումարը: Դատարան է ուղարկվել բնութագիր, թե կալանավորը չափազանցրել է իր թզբեհի արժեքը, որ անձը չէր կարող յուրացնել թզբեհի գումարը, քանի որ իրենց ծանոթը «տեսած» տղա է, «նստում-հելնում է իրենց համայնքի ավագանու» հետ:
Ընկերոջ տնից մեկանգամյա գործածության քսուքներ, օծանելիք, արհեստական եղունգներ, սեւաներկ, շրթներկեր, կիսագուլպա, անձեռոցիկ գողացածի համար բնութագրի տակ ստորագրել են հարեւանները:

Նրանք գրել էին, թե. «Գոջոն քաղհալածյալ է, եւ որ նա իր ընդդիմադիր հայացքների համար է հետապնդվել»:

Կովապահ մի կին մարզերից մեկի ոստիկանությանը հաղորդում էր տվել, որ տանը հետեւից մեկը պարկ է գցել իր գլխին, բռնաբարել իրեն: Հեռանալիս նկատել է, որ նա զինվորական հագուստով էր եւ բեղերով:

Հետագայում բնութագիր են տվել բեղ չունեցող քաղաքացու համար, գյուղապետը հայտնել էր, որ շրջապատում ճանաչում են նրան որպես աշխատասեր, հանգիստ բնավորության տեր մարդու:

Կալանավորը ներկայացել էր «Օդնոկլասնիկի» ցանցի միջոցով մի կնոջ, գրելով, թե ավտոմեքենաների ներկրմամբ է զբաղվում, Լիոն քաղաքից է: Հընթացս հայտնել էր, թե ամուսնանալու նպատակ ունի «կաթնակեր հայուհու հետ»: Տուժողը հալվել էր, մի անգամ էլ տեսակցության գնալիս կորցրել իր երկու հարյուր հազար դրամ արժողության ոսկյա վզնոցը:

Բանը չհասավ բնութագրին, նրանք հաշտվեցին, քանի որ ըստ տուժող աղջկա բանավոր գնահատականի. «նա ամենագեղեցիկ կալանավորն էր այդ բանտի մեջ»:

 

Ռ. Մ.

«Առավոտ»

07.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31