Լրահոս
Օրվա լրահոսը

Կցուցադրվի «ազգային անվտանգության համար սպառնալիք» ներկայացնողի ֆիլմը

Հուլիս 06,2017 23:13

Իրանցի ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Մոհամադ Ռասուլոֆի «Անկաշառը» (A man of integrity) ֆիլմը, որ 2017թ. Կաննի կինոփառատոնի հաղթող ֆիլմերից է, մասնակցում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթին: Իսկ ինչի մասին է Ռասուլոֆի «Անկաշառը»: Այս ֆիլմը Անդրեյ Զվյագինցևի «Լևիաֆանի» իրանյան մեկնաբանությունն է: Ռեժիսորն արծարծում է թեմա, որ համընդհանուր է ու հուզում է ոչ միայն իրանցիներին:

35-ամյա Ռեզան պարզ կյանք է վարում հյուսիսային Իրանի մի հեռավոր գյուղում կնոջ ու միակ երեխայի հետ: Նա օրերն անց է կացնում իր «ոսկե ձկնիկների» բուծարանում: Մասնավոր ընկերություն, որ սերտ կապեր ունի կառավարության և տեղական իշխանությունների հետ, տարածքում ամեն ինչ իր հսկողության տակ է առել: Ընկերության բաժնետերերը հարստություն են կուտակում՝ մանր սեփականատերերին ու տեղական ֆերմերներին դրդելով տանուլ տալ իրենց ունեցվածքը, ֆերմաներն ու անշարժ գույքը՝ հօգուտ ընկերության ազդեցիկ ցանցի ու մենաշնորհի: Ռեզան փորձում է պահպանել իր տնտեսությունը, բայց ապարդյուն, նա եւս չի կարող դիմակայել կոռուպցիոն ցանցի ճնշմանը…

Հավելենք, որ Մոհամադ Ռասուլոֆի առաջին լիամետրաժ աշխատանքը՝ «Աղջամուղջ» վավերագրական ֆիլմը (2002), Թեհրանի Ֆաջր 21-րդ ՄԿՓ-ում «Բյուրեղապակյա սիմորղ» է ստացել` արժանանալով նաև Իրանի Կինոյի տուն 6-րդ մրցանակաբաշխության պարգևին:

2009-ին Իրանում նախագահական ընտրություններին հաջորդած դեպքերին հետևելու ընթացքում Մոհամադ Ռասուլոֆն ու Ջաֆար Փանահին տեղում նկարահանումներ կատարելիս ձերբակալվեցին: Ռասուլոֆը վեց տարվա ազատազրկման դատապարտվեց, ընդ որում` 5 տարի ազգային անվտանգության համար սպառնալիք ներկայացնող «հավաքների կազմակերպում և դավաճանություն» մեղադրանքով, և մեկ տարի՝ հակաիշխանական քարոզչության մեջ ընդգրկվելու համար: Վերաքննիչ դատարանն առաջին մեղադրանքը հանեց, և Ռասուլոֆի ազատազրկման ժամկետը կրճատվեց մինչև մեկ տարի:

2011-ին նրա «Մնաս բարով» ֆիլմն ընդգրկվեց Կաննի կինոփառատոնի ծրագրում, ինչի շնորհիվ Ռասուլոֆի՝ երկրից դուրս գալու արգելքը հանվեց: 2013-ին Մոհամադ Ռասուլոֆի «Ձեռագրերը չեն այրվում» ֆիլմի թողարկումից և Կաննի 66-րդ կինոփառատոնին դրա ցուցադրությունից հետո Թեհրանի օդանավակայնում առգրավվեցին նրա անձնագիրը: Ներկայումս Ռասուլոֆը գրավի դիմաց ազատ է արձակվել…

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31