Այսօր ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել է արցախա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը, վերջին զարգացումներն ու Հայաստանի արտաքին քաղաքական հիմնախնդիրները, ներքաղաքական գործընթացները: Այս մասին նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ եւ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքերով՝ տարբեր գնահատականներ կան եւ նաեւ վերլուծաբաններն ասում են, որ ադրբեջանական կողմի ակտիվությունը կապված է G20-ի առաջիկայում կայանալիք գագաթնաժողովի հետ.
«Ես գտնում եմ, որ Ադրբեջանի ակտիվությունը, այլ կերպ ասած՝ ապակառուցողական եւ ահաբեկչական գործողությունները կապված են այն փաստի հետ, որ Ադրբեջանը բանակցությունների հետ կապված մտել է փակուղի: Նա չի կարողանում իր մեջ քաղաքական կամք գտնել՝ իրականացնելու Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները, եւ դրա համար սկսում է առիթներ փնտրել: Առիթներից մեկն էլ շփման գծում արհեստական լարումներն են: Ես վերջերս Չեխիայում եւ Սլովակիայում հայտարարել եմ, որ 2 կողմերի զոհերի՝ թե՛ խաղաղ բնակիչների մոտ, թե՛ զինվորների շրջանում, քաղաքական պատասխանատուն եւ մեղավորը բացառապես ադրբեջանական ղեկավարությունն է: Երեկվա դեպքի հետ կապված էլ կարող եմ նույնն ասել՝ երեկվա երեխայի եւ կնոջ մահվան համար մեղավորն ու քաղաքական միակ պատասխանատուն՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն է: Որովհետեւ անթույլատրելի է սեփական քաղաքացիներին դարձնել վահան, պախկվել քաղաքացիների եւ մանկահասակ երեխայի թիկունքում, որպեսզի փորձել սեփական ահաբեկչական բովանդակությունն ու էությունը քողարկել»:
Շարմազանովը կրկին շեշտեց՝ Ադրբեջանը բանակցային գործընթացում փակուղու մեջ է. «Եվ առհասարակ, եթե Ադրբեջանի նպատակն է միջազգային հանրությունից ստանալ հակահայկական կամ հակաարցախյան գնահատականներ, ապա մենք տեսնում ենք՝ թե՛ Մինսկի խմբի համանախագահության հայտարարությունը, թե միջազգային մեր գործընկերների հայտարարությունը բավականաչափ հավասարակշռված են, եւ այդ իմաստով Ադրբեջանն իր նպատակին չի հասել»:
Շարմազանովը չի բացառում, որ Ադրբեջանի ղեկավարությունը կփորձի երեկվա դեպքերից նոր «շոու» սարքել եւ փորձել նոր շահարկումների առիթ տալ. «Բայց կան տեսանյութեր, մեր զինված ուժերը հրապարակել են դրանք, մենք ունենք հստակ փաստեր»:
ՀՀԿ խոսնակն ասաց, որ շփման գծում լարվածության միակ պատասխանատուն Ադրբեջանն է, եւ եթե միջազգային հանրությունը ձգտում է, որպեսզի լինի կայունություն, ապա նա նախ պետք է պահանջի, որպեսզի Ադրբեջանը ներդնի վստահության այն մեխանիզմները, որոնց մասին խոսք է գնացել Վիեննայում եւ սանկտ-Պետերբուրգում.«Ո՛չ Հայաստանը, ո՛չ Արցախը չեն հրաժարվել այդ վստահության մեխանիզմների ներդրումից, հրաժարվել է Ադրբեջանը»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ