Հուլիսի 6-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ «Հայկական երաժշտությունը լիբանանյան կատարմամբ» խորագրով համերգ՝ նվիրված «Թեքեյան» մշակութային միությունների հիմնադիր մարմնի 70-ամյակին: Համերգը կազմակերպվել է ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների հովանավորությամբ և Լիբանանում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա շնորհավորեց բոլորին և նշեց. «Սիրելի լիբանանցիներ և Լիբանանը սիրող հայեր, ուզում եմ շնորհավորել բոլորիս այս գեղեցիկ երեկոյի առթիվ: Երեխաներն այսօր է’լ ավելի ամուր կամրջեցին հայ լիբանանյան բարեկամությունը: Այս օրերը դարձան լիբանանյան օրեր Հայաստանում: Ուրախ եմ ողջունել բոլորիդ Հայաստանում՝ մի մասիդ՝ Հայրենիքում, մյուս մասիդ՝ բարեկամ երկրում: Բարով եք եկել»:
Նախարարը «Թեքեյան» մշակութային միության Լիբանանի շրջանային վարչության ատենապետ Վիգեն Ասսիլյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով, իսկ լիբանանահայ դաշնակահարուհի, «Հայկական երաժշտությունը լիբանանյան կատարմամբ» խորագրով համերգի գեղարվեստական ղեկավար Ռիտա Ասսիլյանը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով:
Հնչեցին հայ մեծանուն երգահանների` Կոմիտասի, Ա.Խաչատրյանի, Ա.Բաբաջանյանի, Է. Հովհաննիսյանի և այլոց ստեղծագործությունները՝ 1 հայ և 9 արաբ պատանի երաժիշտների կատարմամբ:
Հայաստանից լիբանանցի հյուրերի համար ելույթ ունեցավ մեներգչուհի Արփի Սինանյանը: Նա հանդես եկավ Ռ. Պետրոսյանի «Նազանք» ստեղծագործության և «Արաբական երաժշտության» կատարմամբ:
ՀՀ սփյուռքի նախարարություն